շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Հաջող ելույթ, բայց առանց մեդալների. Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում

Հաջող ելույթ, բայց առանց մեդալների. Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը շախմատի Համաշխարհային Օլիմպիադայում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեց շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադան։

 

Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին` 11-րդ տուրում 2,5-1,5 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ։ Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Գրիգորյանը հաղթեցին, Շանթ Սարգսյանը ոչ-ոքի գրանցեց, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց։

 

Հայ շախմատիստները 17 միավորով կիսեցին 2-6-րդ տեղերը ԱՄՆ-ի, Ուզբեկստանի, Չինաստանի և Սերբիայի թիմերի հետ, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեցին 6-րդըը։ Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիադայի հաղթող դարձավ Հնդկաստանի թիմը, որը մրցաշարում չկրեց ոչ մի պարտություն, հաղթեց 11 մրցափուլերից 10-ում, գրանցեց մեկ-ոքի և վաստակեց 21 միավոր։ ԱՄՆ-ի և Ուզբեկստանի թիմերը համապատասխանաբար դարձան արծաթե ու բրոնզե մեդալակիր։

ԱՄՆ-ի հավաքականի կազմում արծաթե մեդալի արժանացավ նաև Լևոն Արոնյանը։

Արման Փաշիկյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մալթային (4-0), Անդորրային (3-1), Բրազիլիային (3-1), Շվեդիային, (2,5-1,5), Ֆիլիպիններին (2,5-1,5), Անգլիային (2,5-1,5), Գերմանիային (2,5-1,5), ոչ-ոքի գրանցել Ուկրաինային (2-2) հետ, պարտվել Չինաստանին (1,5-2,5) և Հունգարիային (1,5-2,5)։

Կանանց Հայաստանի հավաքականը, որը վերջին տուրում 3-1 հաշվով հաղթել էր Գերմանիայի թիմին, 17 միավորով կիսեց 3-6 տեղերը, իսկ լրացուցիչ գործակիցներով գրավեց 5-րդ տեղը։ Կանանց պայքարում նույնպես հաղթեց Հնդկաստանի թիմը (19), Ղազախստանը 18 միավորով երկրորդն է, ԱՄՆ-ը 17 միավորով դարձավ բրոնզե մեդալակիր։

Զավեն Անդրեասյանի գլխավորած թիմը նախորդ տուրերում հաղթել էր Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Վիետնամին (3-1), Չինաստանին (2,5-1,5), Մոնղոլիային (3,5-0,5) ոչ ոքի գրանցել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Իսպանիայի հետ (2-2), պարտվել Հնդկաստանին (1,5-2,5):

  • Կիսվել: