Գյումրին ստացել է ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստագիրը
Գյումրիում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ կայացել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը, գրում է armsport.am-ը:
Համաժողովին ներկա է եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Լուսինե Սանոյանը, որին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կողմից փոխանցվել է ԱՊՀ սպորտային մայրաքաղաքի հավաստագիրը։
Լուսինե Սանոյանը ողջունել է ներկաներին ապա, փոխանցել նաև Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի ողջույնի խոսքը, որում մասնավորապես նշված է եղել․ «Գյումրին հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ։ Մեր բոլորիս սիրելի Գյումրին արժանացել է ԱՊՀ 2024 թվականի սպորտային մայրաքաղաքի կոչմանը։ Սա մեծ պատիվ է մեզ համար և վկայում է այն մասին, որ սպորտի ոլորտում մեր երկար տարիների ջանքերն ու ձեռքբերումներն արդարացված են։ Մենք հպարտանում ենք մեր սպորտային պատմությամբ և ամեն ինչ անելու ենք մարզական ոլորտն ավելի լավը դարձնելու համար»։
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ, անդրադառնալով ԱՊՀ խաղերը մեր երկրում հյուրընկալելուն, տեղեկացրել էր՝ Գյումրիի հռչակումը ԱՊՀ երկրների սպորտային մայրաքաղաք չի ենթադրում միայն մարզական միջոցառումների կազմակերպում:
«Ներկայացնում ենք մեր երկիրը, մարզական նվաճումները, ստեղծված ենթակառուցվածքները, սպորտի զարգացման համար ստեղծված պայմանները: Համաժողովի անցկացումը Գյումրիում փաստում է՝ Գյումրին ոչ միայն Հայաստանի սպորտային մայրաքաղաքն է, այլ նաև արդեն՝ ԱՊՀ-ի: Գյումրին ունեցել է փառահեղ մարզական ավանդույթներ, որոնք այսօր շարունակվում են»,- ասել էր Կարեն Գիլոյանը:
Այդուհանդերձ, նախարարի տեղակալը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը Հայաստանին առաջարկել է 2027 թվականին ընդունել ԱՊՀ խաղերը, սակայն այդ տարի Հայաստանում արդեն իսկ մի շարք խոշոր մարզական միջոցառումներ են նախատեսված: Մասնավորապես՝ արդեն հաստատվել է 2027 թվականին Ֆրանկոֆոնիայի մշակութային և մարզական խաղերը հյուրընկալելու ՀՀ հայտը։ 2027 թվականին նախատեսվում են նաև սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, ծանրամարտի աշխարհի առաջնությունը և Համահայկական խաղերը: ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029 թվականի խաղերն ընդունելու հնարավորությունը: