կիրակի, նոյեմբեր 29
29 / 11 / 2026
Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ

Գևորգ Ղազարյանն ու Ռոբերտ Արզումանյանը հանդիպել են Թբիլիսիի Դինամոյի ղեկավարի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Գևորգ Ղազարյանը շարունակում է հանդիպումների շարքը՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպել է Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, գրում է armsport.am-ը:

Հանդիպման առանցքում վրացական ֆուտբոլի զարգացման հաջողված փորձն է եղել՝ մասնավորապես մանկապատանեկան ֆուտբոլի, ակադեմիական համակարգի և երիտասարդ խաղացողներին միջազգային հարթակ դուրս բերելու ուղղությունները։ Ղազարյանը հանդիպման մանրամասները ներկայացրել է ֆեյսբուքյան իր էջում․

«Այսօր Ռոբերտ Արզումանյանի հետ հանդիպեցինք Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրեն Զազա Դոլիձեի հետ, ով 2016–2019 թվականներին զբաղեցրել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրենի պաշտոնը։

Թբիլիսիի «Դինամոն» հաջողված օրինակ է մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, արդյունավետ ակադեմիական համակարգի և երիտասարդ ֆուտբոլիստներին միջազգային հարթակ դուրս բերելու գործում։ Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք վրացական ֆուտբոլի զարգացման փորձի, անցած ճանապարհի և այն Հայաստանում կիրառելու հնարավորությունների շուրջ։

Զազա Դոլիձեն մեր թիմին հրավիրեց Վրաստան՝ տեղում ծանոթանալու վրացական ֆուտբոլի զարգացման մոդելին և դրա գործնական մեխանիզմներին։ Վստահ եմ, որ միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը, մասնագիտական համագործակցությունն ու գիտելիքների փոխանակումը կարևոր նշանակություն ունեն հայկական ֆուտբոլի զարգացման գործում։ Հայկական ֆուտբոլի ապագան պետք է կառուցենք այսօր՝ հստակ տեսլականով, համակարգված աշխատանքով և երկարաժամկետ մտածողությամբ»։

Նշենք, որ Զազա Դոլիձեն 2016 թվականի մարտից ղեկավարել է Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամը, որն առանցքային դեր է խաղացել երկրի ֆուտբոլային ենթակառուցվածքների և համակարգի արդիականացման գործում, իսկ 2019-ի հուլիսից ստանձնել է Թբիլիսիի «Դինամոյի» գլխավոր տնօրենի պաշտոնը։

Հավելենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 21-ին՝ ֆեդերացիայի 28-րդ հերթական ընտրական ժողովի ընթացքում։ Պաշտոնի համար պայքարելու են երկու թեկնածուներ՝ Գևորգ Ղազարյանը (առաջադրվել է Գյումրիի «Շիրակի» կողմից) և Յուրի Ջորկաեֆի եղբայրը՝ ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով նախկին խորհրդական Դենիս Ջորկաեֆը (առաջադրվել է «Սյունիք» ՖԱ-ի կողմից)։ Նոյեմբերի 27-ին նրանց թեկնածությունները պաշտոնապես հաստատվել են ՀՖՖ ընտրական կոմիտեի կողմից։

  • Կիսվել: