Գերմանիան ու Շվեյցարիան հաղթողին չպարզեցին, բայց երկուսն էլ 1/8 եզրափակչում են
Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում այսօր մեկնարկեց խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը։ A խմբի վերջին խաղում իրար հետ մրցող Գերմանիայի ու Շվեյցարիայի հավաքականները 1:1 հաշվով ոչ-ոքի խաղացին և դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ։
Թիմերի միջև մրցավեճը տեղի ունեցավ «Ֆրանկֆուրտ Արենա» մարզադաշտում: Հանդիպման հաշիվը 28-րդ րոպեին բացեց շվեյցարացի հարձակվող Դան Նդոյեն՝ գնդակն ուղարկելով Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը։ Առաջին խաղակեսում հաշիվը հավասարեցնելու գերմանացիների փորձերը ձախողվեցին: Պատասխան գոլը միայն խաղի վերջնամասում՝ ավելացված ժամանակի 2-րդ րոպեին խփեց Նիկլաս Ֆյուլկրուգը։
Խմբային փուլի հանդիպումներից հետո A խմբում Գերմանիան 7 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց, Շվեյցարիան երկրորդն է 5 միավորով։ Նրանք իրենց հաջորդ հանդիպումները կանցկացնեն հունիսի 29-ին։ Գերմանիայի հավաքականը ուժերը կչափի C խմբի, իսկ Շվեյցարիան B խմբի երկրորդ հորիզոնականը զբաղեցրած թիմի հետ։
Հունիսի 24-ին խմբային փուլի վերջին հանդիպումները կանցկացնեն B խմբի Ալբանիա-Իսպանիա և Խորվաթիա-Իտալիա զույգերը։ Խաղերը կմեկնարկեն 23:00-ին։