ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվել են 2027 թ. խաղերի կազմակերպման հարցերը

Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ քննարկվել են 2027 թ. խաղերի կազմակերպման հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի (ՖԽՄԿ) տնօրեն Զեյնա Մինայի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ֆինանսների, ինչպես նաև հեռուստատեսային արտադրության փորձագետներ:

 

ՖԽՄԿ պատվիրակությունը Հայաստանում է՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը 2027 թվականին մեր երկրում հյուրընկալելու տեխնիկական հնարավորությունները գնահատելու նպատակով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին և վերահաստատել Հայաստանի կառավարության՝ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ խաղերն ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է նաև ֆրանկոֆոն մշակույթի արժևորումն ու տարածումը՝ տեղեկացնելով, որ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մեր երկրում անցկացվում են ֆրանկոֆոն մշակութային ու գիտակրթական միջոցառումներ՝ միտված համընդհանուր արժեքների տարածմանը:

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքների մեկնարկին՝ կողմերը կարևորել են ֆրանկոֆոնիայի ազգային կոմիտեի ձևավորումը, որը կզբաղվի տեխնիկական և կազմակերպչական հարցերով: Հունիսին Փարիզում խաղերի անցկացման վերաբերյալ նախատեսվում են համաձայնագրի կնքում և փոխանցիկ դրոշի հանձնում:

Ապրիլի 8-12-ը Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի փորձագետները պետք է իրականացնեն խաղերի համար ընտրված մարզական և մշակութային ենթակառուցվածքների գնահատում և խաղերի նախապատրաստման հետ կապված հիմնական կարիքների քննարկում:

 Նշվել է, որ մարզամշակութային միջազգային խաղերի լուսաբանման նպատակով Հայաստան կարող են ժամանել միջազգային ԶԼՄ-ների բազմաթիվ ներկայացուցիչներ: Քննարկվել են նաև խաղերի հեռարձակման և միջազգային հարթակներում իրազեկման բարձրացման հարցեր:

Ակնկալվում է, որ Ֆրանկոֆոնիայի հոբելյանական 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին շուրջ 50 երկրի ավելի քան 4000 մարզիկներ կմասնակցեն:

  • Կիսվել: