ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ֆիթնեսներում այսօր աշխատում են մարզիչներ, որոնք չունեն համապատասխան կրթություն. բազմաթիվ դեպքեր կան, երբ ոչ թե օգնել են, այլ՝ հաշմանդամ են դարձրել. Գիլոյան

Ֆիթնեսներում այսօր աշխատում են մարզիչներ, որոնք չունեն համապատասխան կրթություն. բազմաթիվ դեպքեր կան, երբ ոչ թե օգնել են, այլ՝ հաշմանդամ են դարձրել. Գիլոյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ԱԺ-ում ներկայացրեց «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Մենք որոշ տերմինների փոփոխման խնդիր ունենք, որովհետև դրանք հնուց եկած տերմիններ են, մասնավորապես՝ հավաքական թիմ արտահայտությունը: Երկրորդ մասով առաջարկում ենք մի քանի մարզաձևեր մտցնել պարգևատրվող մարզաձևերի ցանկ, որովհետև դրանք միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչվել են որպես օլիմպիական ընտանիքի անդամ մարզաձևեր: Այս փոփոխության ամենակարևոր պահը թերևս այն է, որ մենք շատ մեծ խնդիր ունենք ֆիթնես մարզասրահների հետ կապված, մենք պիտի ամեն ինչ անենք, որ արտոնագրումը ճիշտ լինի»,- ասաց փոխնախարարը:

Գիլոյանի խոսքով՝ ֆիթնես մարզիչները որակավորման խնդիր ունեն. «Ֆիթնեսներում այսօր աշխատում են մարզիչներ, որոնք իրավունք չունեն աշխատել, չունեն համապատասխան կրթություն, բայց կատարում են չափազանց կարևոր աշխատանք: Կարելի է բազմաթիվ դեպքեր նշել, որ ոչ թե օգնում են, առողջացնում են, այլ՝ վնասում են, հաշմանդամ են դարձնում այն մարդկանց, ովքեր իրենց առողջությունը վստահել են չորակավորված մասնագետների»:

  • Կիսվել: