Ֆիթնես դահլիճների մեծամասնությունում աշխատում են մարդիկ, որոնք աշխատելու իրավունք չունեն ․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կառավարությունը նախատեսում է չափորոշիչներ սահմանել ֆիթնես մարզիչների համար։ Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։
«Այսօր դաշտն անվերահսկելի է։ Ֆիթնես դահլիճների գերակշիռ մեծամասնությունն աշխատանքի է ընդունել մարդկանց, որոնք որևէ իրավունք չունեն աշխատել այլ մարդկանց հետ, նրանց առողջությունը բարելավել կամ վերականգնել։ Քիչ չեն դեպքերը, երբ ընդհակառակը՝ հաշմանդամ են դարձնում մարդկանց՝ նրանց սխալ մարզելով։ Այդ մարդիկ մի քանի անգամ հաճախում են ֆիթնես դահլիճ, իրենց կազմվածքը կերտում են ու որոշում են, որ կարող են աշխատել։ Բնականաբար, դա սխալ է և այդպես պետք է չլինի։ Ֆիթնես մարզիչները պետք է միջազգային արտոնագիր ունենան, իսկ այդպիսիք կան Հայաստանում»,- ասաց Գիլոյանը։
Կարեն Գիլոյանը նշեց, որ այժմ օրենքի նախագծի բարեփոխման ուղղությամբ մասնագիտական թիմ է աշխատում, առաջին ընթերցումից հետո նախաձեռնությունն առավել կլրամշակվի: