ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը
Կանադայի Վանկուվեր քաղաքում ընթացող ՖԻՖԱ-ի 76-րդ համաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են վերջին մեկ տարում վախճանված ֆուտբոլային գործիչների, այդ թվում՝ 1956 թվականի օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը: Այս մասին տեղեկանում ենք ՖԻՖԱ-ի կայքից:
Նշվում է, որ լռության րոպեից առաջ հայտարարվել են 2025 թվականի մայիսի 15-ին կայացած ՖԻՖԱ-ի նախորդ կոնգրեսից հետո վախճանված ֆուտբոլային գործիչների անունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին։ Նա խաղացել է Մոսկվայի «Կռիլյա Սովետով» և «Սպարտակ» թիմերում, որոնցից վերջինի կազմում դարձել է ԽՍՀՄ քառակի չեմպիոն և կրկնակի գավաթակիր:
Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է, իսկ 1958-ին Անգլիայի հավաքականի հետ խաղում դարձել էր աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերի պատմությունում ԽՍՀՄ ընտրանու առաջին գոլի հեղինակը:


