կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Սա աղետ է, այլ ոչ թե աշխարհի առաջնություն. Իրանի ազգայինն հավաքականի ավագ

Սա աղետ է, այլ ոչ թե աշխարհի առաջնություն. Իրանի ազգայինն հավաքականի ավագ

Իրանի ազգային հավաքականի ավագ Մեհդի Տարեմին խիստ քննադատության է ենթարկել ՖԻՖԱ-ին և աշխարհի 2026 թվականի առաջնության կազմակերպիչներին, գրում է armsport.am-ը:

​Սիեթլում Եգիպտոսի հետ գրանցված ոչ-ոքիից (1-1) հետո, որը պահպանեց իրանցիների շանսերը փլեյ-օֆֆում, հարձակվողը հայտարարել է, որ լոգիստիկայի հետ կապված մշտական խնդիրների և աջակցության բացակայության պատճառով մրցաշարն իր թիմի համար աղետի է վերածվել։

​«Մենք հենց սկզբից բողոքում ենք դրանից։ Սա աղետ է, այլ ոչ թե աշխարհի առաջնություն։ Աղետ։ Մենք պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ ենք պրոֆեսիոնալ մրցաշարում, սա սխալ է, սա անարդար է։ Եթե ՖԻՖԱ-ն դա արդարացի է համարում՝ շատ լավ, դա իրենց խնդիրն է։ Բայց սա անարդար է։ Ո՞վ է ուզում օգնել մեզ. ոչ ոք։ Ոչ ոք չի օգնում։ Ո՞վ պետք է լուծի այս խնդիրները մեզ համար. ՖԻՖԱ՞-ն, չգիտեմ։ ԱՄՆ՞-ն, չգիտեմ։ Նշեք ինձ գոնե մեկ անուն։ Առաջին խաղից հետո Ջանի Ինֆանտինոն եկավ մեր հանդերձարան և ասաց, որ կլուծի բոլոր հարցերը, բայց իրականում ՖԻՖԱ-ն ոչինչ չի արել»,- Տարեմիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

​Խմբային փուլի վերջին խաղում Իրանը 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը Եգիպտոսի հետ։ 93-րդ րոպեին իրանցիները գոլ են խփել, որը կարող էր հաղթանակ և փլեյ-օֆֆի ուղիղ ուղեգիր պարգևել նրանց, սակայն VAR համակարգը չեղարկել է դարպասի գրավումը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

​Այսպիսով, վաստակած երեք միավորով Իրանը զբաղեցնում է G խմբի երրորդ հորիզոնականը և դեռևս պահպանում է 1/16 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները։ Թիմն իր բոլոր երեք հանդիպումներն ավարտել է ոչ-ոքի արդյունքով։ Նշենք, որ նմանատիպ ցուցանիշով Կաբո Վերդեի հավաքականն իր խմբում երկրորդ տեղից դուրս էր եկել փլեյ-օֆֆ։

 

  • Կիսվել: