երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանի պարգեւատրումը․ տեսանյութ

Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանի պարգեւատրումը․ տեսանյութ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ Եվրոպայի նորընծա չեմպիոն Արման Անդրեասյանի պարգեւատրումը: Մարզական կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Արման Անդրեասյանը պարգեւատրվեց իր առաջին ոսկե մեդալով: Նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը:

Արման Անդրեասյանը Բուխարեստի մրցագորգում 4 բարդ գոտեմարտեր եւ տպավորիչ հաղթանակներ տարավ ՝ 3:1, 6:5, 8:5 եւ 7:3: Բոլոր գոտեմարտերում հաղթանակի հասավ վերջին վայրկյաններին 2 կամ 4 միավորանոց գցումներով: Եզրափձակիչում 3:3 հաշվով մրցակցի առավելությամբ պարտվելիս վերջին վայրկյաններին 4 միավորանոց գցումով պարտության մատնեց վրացի Ակակի Կեմերտելիձեին:

70 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր դարձավ Ակակի Կեմերտելիձեն (Վրաստան), Իսմայիլ Մուսուկաեւ (Հունգարիա), Ռամազան Ռամազանով (Բուլղարիա):

Արման Անդրեասյանը 23 տարեկան է: 2023 թվականի սեպտեմբերին Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում հնդիկ մրցակցի նկատմամբ 12:1 տպավորիչ հաղթանակով նվաճեց բրոնզե մեդալ: 2022 թվականին Բուդապեշտում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1:2 հաշվով զիջեց աշխարհ չեմպիոն, վրացի Զուրաբ Յակոբաշվիլիին, դարձավ արծաթե մեդալակիր: Անդրեասյանը բանակայինների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր է, Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր, 2020 թվականի աշխարհի անհատական գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր, 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր է:

2023 թվականին ընդգրկվել է տարվա լավագույն մարզիկների տասնյակում:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Փարիզ-2024 ուղեգիր նվաճած Արսեն Հարությունյանը՝ հռչակվելով Եվրոպայի քառակի չեմպիոն: Եզրափակիչում Հարությունյանը 52 վայրկյանում 10:0 հաշվով պարտության մատնեց թուրք Մուհամեդ Կարավուսին:

  • Կիսվել: