կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին և Հայաստանի հավաքականին «Զվարթնոցում» զուռնա-դհոլով դիմավորեցին․ տեսանյութ

Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին և Հայաստանի հավաքականին «Զվարթնոցում» զուռնա-դհոլով դիմավորեցին․ տեսանյութ

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեծ շուքով, զուռնա-դհոլով դիմավորեցին Եվրոպայի չեմպիոններ Արսեն Հարությունյանին, Արման Անդրեասյանին, բրոնզե մեդալակիր Մեժլում Մեժլումյանին եւ Հայաստանի հավաքականին, որը  վերադարձավ Ռումինիայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունից: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Երեւան ժամանեց փետրվարի 20-ին Բուխարեստ - Քիշնեւ - Երեւան չվերթով 05:30-ին: Չեմպիոնների ժամանումը նախատեսված էր ավելի վաղ, բայց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ հետաձգված թռիչքով պայմանավորված թիմը կժամանի ուշացումով:

Օդանավակայանում չեմպիոնական տրամադրություն էր: Երկրպագուները պաստառներով, Հարությունյանի, Անդրեասյանի լուսանկարներով էին սպասում մեդալակիրներին:

Չեմպիոններին դիմավորելու էին եկել ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Մասիս քաղաքի ներկայացուցիչներ, մարզիկների ծնողները, բարեկամներն ու ընկերները:

Երկրպագուները Եվրոպայի քառակի չեմպիոնին, Արման Անդրեասյանին եւ Մեժլում Մեժլումյանին սպասասրահում դիմավորեցին աղ ու հացով:

Արսեն Հարությունյանին դիմավորելու էին եկել կինը,  6-ամսական դուստրը՝ Մարիան, որոնք չեմպիոն հայրիկին սպասում էին սպասասրահի անկյունում: Դիմավորողներից էր նաեւ Հարությունյանի կրտսեր եղբայրը,որը չեմպիոն եղբոր դուրս գալուն պես վազեց դեպի արգելված գոտի եւ ամուր գրկեց:

Ընկերներն ու երկրպագուները տեւական ժամանակ Արման Անդրեասյանին եւ Արսեն Հարությունյանին բաց չէին թողնում, բոլորը ցանկանում էին լուսանկարվել չեմպիոնների հետ:

  • Կիսվել: