ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ես ավելի շատ պարտվեցի իմ վարժության պակաս բարդությունով, քան թույլ տված սխալների վերջնական արդյունքով. Վահագն Դավթյան

Ես ավելի շատ պարտվեցի իմ վարժության պակաս բարդությունով, քան թույլ տված սխալների վերջնական արդյունքով. Վահագն Դավթյան

Կլինեմ անկեղծ. մրցակցությունը շատ մեծ էր: Այդ պահին այդքանի էի պատրաստ մասնակցել: Գոհ եմ Օլիմպիական խաղերում կատարածս աշխատանքից, քանի որ մարզիչներս են գոհ: Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոցում» ասաց Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից Վահագն Դավթյանը:

Օղակների վարժությունում Հայաստանի առաջատար մարմնամարզիկը օգստոսի 6-ին օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանի եւ Հայաստանի թիմի հետ Փարիզից վերադարձավ հայրենիք:

«Եզրափակիչում ավելի լավ հանդես եկա, ավելի որակով վարժությունս կատարեցի: Կլինեմ անկեղծ. մրցակցությունը շատ մեծ էր: Այդ պահին այդքանի էի պատրաստ մասնակցել: Միանշանակ կասեմ, որ մրցակիցներս շատ ուժեղ էին: Ես ավելի շատ պարտվեցի իմ վարժության պակաս բարդությունով, քան թույլ տված սխալների վերջնական արդյունքով:

Գոհ եմ Օլիմպիական խաղերում կատարածս աշխատանքից: Մարզիչներս եւս գոհ են իմ մրցելույթներից, ինչը թույլ է տալիս, որ ես էլ դրական գնահատեմ իմ աշխատանքը: Այս մրցումներում ուղղակի այսքանը ստացվեց: Անթերի չէր, միշտ կան թերություններ, միշտ կա աշխատելու տեղ: Եթե ինչ-որ մի բան չի բավականացրել, ուրեմն հաջորդ մրցաշարերի համար պետք է ավելացնել ու ձգտել ավելի բարձր արդյունքի:

Չեմ կարող ասել, թե հաջորդ Օլիմպիական խաղերում կլինեմ, թե ոչ: Այս պահին առաջնահերթությունը կտամ վնասվածքս բուժելուն: Փարիզում մասնակցում էի ուսի վնասվածքով»,- ասաց Վահագն Դավթյանը: 

Փարիզ-2024-ի սպորտային մարմնամարզության օղակների վարժության եզրափակիչում Վահագն Դավթյանը զբաղեցրեց 6-րդ տեղը:

  • Կիսվել: