երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ամաչում եմ մեր ցուցադրած խաղի համար, սա իմ ամոթն էր՝ որպես մարզիչ․ Պետրակով

Ամաչում եմ մեր ցուցադրած խաղի համար, սա իմ ամոթն էր՝ որպես մարզիչ․ Պետրակով

Անկեղծ` չէի ճանաչում իմ թիմին։ Այս մասին ետխաղային ասուլիսում մեկնաբանելով Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի թիմից կրած պարտությունը՝ ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:

՛՛Ամբողջ հանդիպման ընթացքում խոսում էի ֆուտբոլիստների հետ, և այն առաջադրանքները, որոնք ստացել էին նրանք, չկարողացան կատարել։ Բայց նրանց ասել եմ, որ պետք չէ ընկճվել, քանի որ սև շրջանին միշտ հաջորդում է սպիտակը։

Համաձայն եմ այն մտքի հետ, որ ամոթ էր պարտվել այս խաղում։ Առհասարակ, ես ամաչում եմ մեր ցուցադրած խաղի համար։ Որպես մարզիչ` առաջին հերթին, սա իմ ամոթն էր։ Լատվիայի դեմ խաղից (4-1) հետ խնդրեցի շատ չգովել ֆուտբոլիստներին, իսկ այժմ խնդրում եմ` շատ չքննադատել նրանց։ Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Չեմ ցանկանում` որևէ ֆուտբոլիստ մեղադրվի այս պարտության համար՛՛,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաքում կայացած հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը մնացել էին 10 խաղացողով, սակայն ընդմիջումից հետո երկու գոլ էին խփել ու 4 միավորով գլխավորել չորրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հայաստանի հավաքականը 3 միավորով երկրորդ տեղում է, Լատվիան նույնքան միավորով երրորդն է, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականը 1 միավորով եզրափակում է խումբը։

Նշենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմն Ազգերի լիգայում հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին և մրցակցի խաղադաշտում կմրցի Ֆարերյան կղզիների դեմ։ Երեք օր անց էլ կկայանա հյուսիսմակեդոնացիների դեմ պատասխան հանդիպումը Երևանում:

  • Կիսվել: