երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱ․ Վազգեն Թեւանյանը պարտություն կրեց

ԵԱ․ Վազգեն Թեւանյանը պարտություն կրեց

Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թեւանյանը (65 կգ) պարտվեց Ռումինիիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացնվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչում:

Թեւանյանը մրցեց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ռուսաստանցի Ռաշիդովի հետ եւ ոչ միանշանակ մրցավարության պայմաններում պարտվեց 4:5 հաշվով:

Առաջին մրցափուլում 1:4 հաշվով պարտվելուց հետո երկրորդ մրցափուլում Վազգեն Թեւանյանը երկու միավորանոց գցումով հաշվի մեջ առաջ անցավ: Գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ մրցակցին դուրս հանեց աշխատանքային գոտուց: Հաշիվը դարձավ 4:4 Ռաշիդովի առավելությամբ: Վերջնամասում Թեւանյանը հնարքի գնալիս եւս մեկ անգամ դուրս հանեց մրցակցին, բայց գորգի մրցավարը չհաշվեց: Հայաստանի մարզիչները չելենջ գցեցին, բայց մրցավարները չբավարարեցին, չուսումնասիրեցին նաեւ գորգից դուրս գալու դրվագը եւ մեկ միավոր ավելացրին Ռաշիդովի հաշվին: Վերջում Թեւանյանը չէր ցանկանում մոտենալ հաղթողին հայտարարելու եւ պարբերաբար դիմում էր մարզիչներին, որ մրցավարներին հուշեին գորգից դուրս գալու դրվագը դիտել: Մրցավարները չելենջի ժամանակ այլ դրվագ ուսումնասիրեցին:

Թեւանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 7:2 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Լեհաստանի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիենկովսկիի նկատմամբ։

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) եւ Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը:

Արսեն Հարությունյանի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Ադրբեջանի ներկայացուցիչ Իսլամ Բազարգանովը: Արման Անդրեասյանը կմրցի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաեւի հետ:

Առաջին մրցումային օրը պայքարի մեջ մտած Արման Ավագյանը, Սերգեյ Սարգսյանը պարտվել են:

  • Կիսվել: