շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵԱ․ Մալխաս Ամոյանը եւ Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակիչում են

ԵԱ․ Մալխաս Ամոյանը եւ Դավիթ Օվասապյանը քառորդ եզրափակիչում են

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Մալխաս Ամոյանը (77 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) մեկնարկել են հաղթանակներով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական  խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) մեկնարկային 1/8 եզրափակիչում 10:1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ Իտալիայի ներկայացուցիչ Ռիկարդո Վիտո Աբրեսցիայի նկատմամբ եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթեց Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Օվասապյան 5:0 հաշվով առավելության հասավ սերբ Բորիս Պետրուսիչի նկատմամբ:

87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանն առանց պայքարի անցավ 1/8 եզրափակիչ, քանի որ որակավորման փուլում նրա մրցակից, Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուն չներկայացավ գոտեմարտին: : 1/8 եզրափակիչում Թադեւոսյանը չհաղթահարեց անկախ երկրների դրոշի ներքո հանդես եկող, բելառուս Կիրիլ Մասկեւիչի արգելքը:

Այսօր մրցագորգ դուրս կգան նաեւ Մանվել Խաչատրյանը (55 կգ) եւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ):

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունը:

2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի շվեդ Ալեքսանդր Բիկային:

  • Կիսվել: