կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱ․ Հայտնի են Հայաստանի ըմբիշների մրցակիցները

ԵԱ․ Հայտնի են Հայաստանի ըմբիշների մրցակիցները

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում փետրվարի 12-ին կմեկնարկի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի հավաքականը մասնակցում է ամբողջական կազմով:

Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խաչատրյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Աշոտ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Առաջին մրցումային օրը մրցագորգ դուրս կգան 55, 63, 77, 87 եւ 130 կգ քաշային կարգերի ներկայացուցիչները:

Հայաստանի թիմից պայքարը կսկսեն Մանվել Խաչատրյանը, Հրաչյա Պողոսյանը, Մալխաս Ամոյանը, Գեւորգ Թադեւոսյանը եւ Դավիթ Օվասապյանը:

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, որտեղ մրցակիցը կլինի 2023 թվականի Եվրոպայի չեմպիոն, թուրք Ադեմ Բուրակ Ուզունը:

2023 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մրցագորգ դուրս կգա 1/8 եզրափակիչից, որտեղ կհանդիպի շվեդ Ալեքսանդր Բիկային:

Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Մալխաս Ամոյանը (77 կգ) պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչ: Մրցակիցը որակավորման փուլի Ռիկարդո Վիտո Աբրեսցիա (Իտալիա) - Իգոր Բիչկով (Ուկրաինա) զույգի հաղթողն է:

Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ) որակավորման փուլում կփորձի հաղթահարել Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուս Մուկուբուի արգելքը:

Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում կմրցի Շվեցարիայի ներկայացուցիչ Դելիան Ալիշայի հետ:

Փետվարի 13-ին տեղի կունենան 60, 67, 72, 82 եւ 97 կգ քաշային կարգերի նախնական գոտեմարտերը: Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Գեւորգ Ղարիբյանը, Սլավիկ Գալստյանը, Աշոտ Խաչատրյանը, Կարեն Խաչատրյանը եւ Արթուր Ալեքսանյանը:

Եվրոպայի չեմպիոն, բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը (60կգ) կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Հունաստանի ներկայացուցիչ Իլիաս Զաիրակիսն է: Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ մրցակիցը Շվեդիայի ներկայացուցիչ Օլեն Նիկլաս Յան Օլով Պոնտուսն է:

Աշոտ Խաչատրյանը (72 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից եւ ուժերը կչափի 2019 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Բաքու-2015 Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Դոմինիկ Էտլինգերի հետ:

Կարեն Խաչատրյանը (82 կգ) նույնպես կմեկնարկի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Մատեյ Մանդիչ (Խորվաթիա) - Լուկաս Ստավդաչեր (Ավստրիա) զույգի հաղթողը:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխրահի քառակի, Եվրոպայի 6-ակի չեմպիոն, Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից: Մրցակիցը կլինի որակավորման փուլի Բեյտուլա Կաիսդագ (Թուրքիա) - Ռիչարդ Կառլսոն (Էստոնիա) զույգի հաղթողը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի փետրվարի 14-ին: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային չի Փարիզ-2024-ի համար:

  • Կիսվել: