շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ձմեռ պապիկից խաղաղություն եմ ուզում մեր երկրի համար եւ, որ Հայաստանը դառնա հզոր երկիր․ Արթուր Դավթյան

Ձմեռ պապիկից խաղաղություն եմ ուզում մեր երկրի համար եւ, որ Հայաստանը դառնա հզոր երկիր․ Արթուր Դավթյան

Մրցաշրջան-2023-ը հայկական սպորտի պատմության էջերում կգրվի ոսկե տառերով ի պատիվ մարմնամարզիկ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր 31-ամյա Արթուր Դավթյանի:

2023 թվականին Արթուր Դավթյանը փառահեղ հաղթանակով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը Թուրքիայում: Այնտեղ նրա պատվին հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացավ դրոշը: Սա երկրորդ դեպքն էր, երբ ամբողջ աշխարհի հայերը վայեցելին ոչ միայն մեծ հաղթանակի բերկրանքը, այլեւ մեծ հպարտություն ապրեցին: Նախորդ անգամ 2021 թվականի ապրիլի 24-ին  Արթուր Դավթյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն եւ հայոց ցեղասպանությունը խորհրդանշող անմոռուկով կանգնեց պատվո հարթակին պարգեւատրման:

Մրցաշրջան 2023-ը Դավթյանի համար նշանավորվեց նաեւ անձնական կյանքում մեծ իրադարձությամբ՝ ընտանիքի համալրումով: Մարմնամարզիկի ընտանիքում ծնվեց երկրորդ երեխան: Մրցաշրջանի ավարտին Դավթյանը նվաճեց իր 4-րդ Օլիմպիական խաղերի ուղեգիրը:

NEWS.am Sport-ը Արթուր Դավթյանի հետ ամփոփել է հաղթանակներով ու ձեռքբերումներով լի մրցաշրջան 2023-ը:

Մրցաշրջան-2023-ը...

2023 թվականը հետաքրքիր եւ հիշարժան ստացվեց ինձ համար: Մրցաշրջանը չէի գնահատի շատ լավ, բայց արդյունքները գոհացնող են: Տարին շատ լավ էի սկսել: Աշխարհի գավաթի բոլոր փուլերին մասնակցեցի, բոլորում հաղթեցի, Եվրոպայի առաջնությունում հաղթեցի, նաեւ բրոնզե մեդալակիր դարձա: Արդյունքները շատ լավ էին, բայց աշխարհի առաջնությունում տեղ չգրավեցի, ինչի համար այդքան էլ գոհ չեմ: Կարեւոն այն էր, որ կարողացա Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել: Աշխարհի առաջնությունում նպատակս ավելի շատ վարկանիշ ձեռք բերելն էր, քանի որ ոտքի վնասվածք ունեի:

Տարվա ամենամեծ հաղթանակը...

2023 թվականի ամենամեծ հաղթանակը համարում եմ Եվրոպայի չեմպիոնությունը Թուրքիայում:

Ձախողումը...

Աշխարհի առաջնությունն էր ինձ համար ձախողում, պարտություն, քանի որ հենացատկում վատ հանդես եկա, ինչի պատճառով մեդալ չնվաճեցի: 

Եվրոպայի չեմպիոնությունը Թուրքիայում...

Վառ տպավորություններով եմ հիշում Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ հենացատկում նվաճեցի չեմպիոնի տիտղոսը: Այդ Եվրոպայի առաջնությունը շատ կարեւոր էր բոլորիս համար նախ, որ Թուրքիայում էր: Ինձ համար խնդիր էի դրել, որ պետք է կարողանամ հաղթող ճանաչվել եւ Թուրքիայում մեր դրոշը բարձրացնեմ, հիմնը հնչեցնեմ: Ուրախ եմ, որ կարողացա անել: Այնտեղ շատ խոչընդոտներ եղան մեզ համար, օրինակ՝ լուսաբացին, ժամը 5-ին դոպինգ վերահսկողությունը եկավ: Ես չհասկացա, թե ինչու է դոպինգ վերահսկողությունն այդ ժամին եկել: Բացի այդ՝ մեր դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն էին կախել, իբրեւ թե սխալվել էին: Ասես՝ ուզենային ինչ-որ կերպ մեզ խանգարել, նյարդայնացնել, կամ, գուցե, այդ իրադարձությունները զուտ զուգադիպել էին, չգիտեմ, վստահ չեմ կարող ոչ մի որակում տալ: Կարեւորը՝ կարողացանք լավ մասնակցել, մեդալներ նվաճել, չեմպիոն դառնալ: Վահագն Դավթյանը փոխչեմպիոն դարձավ, ես բրոնզե մեդալ նվաճեցի նաեւ նժույգ թափերում: Շատ ուրախ եմ, հպարտ եմ, որ այդ երկրում կարողացա չեմպիոն դառնալ: Այնտեղ դրոշը ծածանելը, մեր հիմնը հնչեցնելը մի այլ ձեւի հաճելի էր:

Հիշում եմ, երբ 2021 թվականին Եվրոպայի չեմպիոն դարձա ապրիլի 24-ին: Լավ ես քեզ զգում, որ երկրիդ համար կարեւոր, պատմական, գուցե տխուր օրը կարողանում ես չեմպիոն դառնալ եւ մի փոքր ուրախացնել քո ազգին: Ճիշտ է, ցեղասպանությունից 100 տարի եւ ավելի արդեն անցել է, բայց մենք միշտ հիշելու ենք: Իրենք էլ գիտեն, որ մեզ համար ապրիլի 24-ը հատկանշական է եւ իրենց համար հաճելի չէ, որ այդ օրը մենք ունենում ենք չեմպիոն:

Այդպես առանձնահատուկ հույզերով էլ հիշում եմ Թուրքիայում ոսկե մեդալով պարգեւատրվելս, պահը, երբ հնչում էր մեր հիմնը, դրոշն էր բարձրանում այդ երկրում: Հպարտության զգացողություններ եմ ապրում, որ կարողացա իմ հնավարությունների չափով իմ առջեւ դրված խնդիրը լավ կատարել եւ բարձր արդյունք ունենալ: Ավելի հաճելի էր հենց Թուրքիայում դառնալ չեմպիոն, եթե համեմատեմ մյուս երկրների հետ:

Աշխարհի առաջնությունն առանց մեդալի...

Ափսոսում եմ, որ առանց մեդալի վերադարձա աշխարհի առաջնությունից, բայց կա մի լավ ասացվածք՝ չկա չարիք, առանց բարիք: Ոչինչ հենց այնպես չի լինում. ես այստեղ էլ կարողացա իմ գլխավոր խնդիրը լուծել՝ նվաճել օլիմպիական ուղեգիր: Այն, ինչի համար ամենաշատը գնացել էի աշխարհի առաջնություն, ես արեցի. վարկանիշը ձեռք բերեցի:

Երբ 2021 թվականին Եվրոպայի առաջնությունում նժույգ թափերում դարձա չեմպիոն, հենացատկում տեղ չգրավեցի, Հակոբ Սերբոյանն ասաց՝ «ոչինչ, կարեւորը Տոկիոյի Օլիմպիական խաղերում մեդալ նվաճես»: Այդպես էլ ստացվեց: Տոկիոյում բրոնզե մեդալակիր դարձա: Նույնը այստեղ է. գուցե ես մեդալ նվաճեի աշխարհի առաջնությունում, ավելի թույլ պատրաստվեի Փարիզի Օլիմպիական խաղերին: Զգայի ինձ որպես աշխարհի չեմպիոն եւ ավելի քիչ լուրջ մոտենայի Փարիզ-2024-ին: Այս պարագայում, երբ ես վատ մասնակցեցի աշխարհի առաջնությունում, պարտված եմ ինձ զգում, ինչն ինձ ավելի մեծ եռանդ է տալիս Փարիզում հաղթելու համար: Հաղթելու ցանկությունը կրկնապատկվել է ավելի հասուն ձեւով:

Փարիզի Օլիմպիական ուղեգիրը...

Փարիզ-2024-ն իմ 4-րդ Օլիմպիական խաղերն են: Լարվածություն կա ու լինելու է, որքան էլ 3 Խաղերի փորձ ունեմ:  Շատ կարեւոր է, որ ես հասկանամ՝ լավ մարզավիճակում եմ: Ինձ հաղթելու վստահություն է տալիս միայն լավագույն մարզավիճակս: Ավելի հեշտ է այդ պարագայում: Երբ պատկերացնում եմ, որ նորից պետք է մրցահարթակ բարձրանամ, ձեռք բարձրացնեմ եւ ցատկեմ, տպավորություն է, թե առաջին անգամ եմ մասնակցելու: Այդ պահին չես էլ հասցնում մտածել, թե քո որերրորդ Խաղերն է կամ առաջնությունը: Լարվածությունն այնքան շատ է լինում, որ միակ մտածմունքը կատարյալ ցատկ անելն է, հնարավորությունը չկորցնելը: Մենք ունենք երկու ցատկի հնարավորություն, բայց ամեն մի ցատկ մի հնարավորություն է եւ որոշիչ:  Չունենք կորցրած միավորները հետ բերելու ժամանակ, կիլոգրամները հետ բերելու կամ առաջ անցնելու մոտեցումներ: Բոլոր մարզաձեւերում էլ շատ բարդ է, բայց մարմնամարզությունում կրկնակի բարդ է: Երկու ցատկ, մեկական հնարավորություն, երկուսի դեպքում էլ միավորների հաշվարկ: Ես արդեն մի դառը փորձ ունեմ: Աշխարհի առաջնությունում առաջին ցատկը վատ ստացվեց, երկրորդը՝ իդեալական, բայց ոչինչ չտվեց ինձ այդ իդեալական ցատկը, քանի որ առաջին ցատկում արդեն կորցրել էի այնքան միավորներ, որ տեղ չզբաղեցրի, երկրորդ ցատկն էլ ոչնչով չօգնեց, ոչինչ չփոխեց: 

Արդեն եկել է պահը, որ նվաճեմ օլիմպիական ոսկե մեդալը: Իմ մեդալային հավաքածուում պակասում է օլիմպիական ոսկե մեդալը: Ամեն ինչ կանեմ, որ նվաճեմ այն: Ինձանից կախված ամեն ինչ անելու եմ, ամենալուրջ ձեւով պատրաստվելու եմ, որ հասնեմ ոսկե մեդալին եւ մեր երկրի պատիվը բարձր պահեմ: 

Ամենամեծ ձեռքբերումը...

Չգիտեմ, որքանով է ձեռքբերում, բայց այս տարվա ամենաուրախ պահերից մեկն ինձ համար երկրորդ երեխայիս ծնունդն էր: Ես այս տարի երկրորդ անգամ դարձա հայր: Շատ բարդ ու միեւնույն ժամանակ հաճելի է լինել երկու երեխաների հայր, հատկապես երբ փոքրիկը գիշերները չի քնում, մյուս երեխադ էլ չի քնում, այդպես բոլորով չենք քնում (ծիծաղում է):  Ցանկացած իրավիճակում երեխայի ծնունդն ամենահաճելի, երջանիկ զգացողությունն է աշխարհում: Ես երջանիկ եմ, որ երկու աղջիկների հայր եմ:

Ամենահիշարժան օրը...

Իմ պարագայում օրեր կնշեմ: Երկու հիշարժան օր ունեցա 2023-ում, որոնք միշտ կլինեն իմ հիշողության մեջ: Առաջինը Եվրոպայի չեմպիոնությունը Թուրքիայում ապրիլի 16-ը եւ կրտսեր աղջկաս՝ Ադրիանայի ծնվելու օրը՝ հունիսի 26-ը:

2023-ի կատարված երազանքը...

Եթե անկեղծ՝ չեմ հիշում, թե ինչ երազանք եմ պահել 2023-ի համար, բայց վերջին տարիներին միակ ցանկությունս, երազանքս, միտքս խաղաղությունն է. որ մեր երկրում խաղաղություն լինի:

2024-ի երազանքը...

2024-ում մարզական կարիերայում մեծ երազանքս օլիմպիական ոսկե մեդալն է, բայց նորից առաջինը երազում եմ խաղաղության մասին: Եթե խաղաղություն լինի, ամենքս մեր ոլորտում կարող ենք հասնել ինչ-որ բանի, ունենալ մեծ հաջողություններ: Թող լինի խաղաղություն, մենք էլ մեր ոլորտներում ունենանք մեծ հաղթանակներ, իսկ ես իմ ոլորտում՝ դառնամ օլիմպիական չեմպիոն:

Նամակ ինքդ քեզ...

Եթե ինձ նամակ գրեի, կասեի՝ «Արթուր ջան, շնորհակալ եմ քեզ, գոհ եմ: Կարողացար Եվրոպայի չեմպիոն դառնալ, երեխա ունեցար, ուղեգիր նվաճեցիր: Գուցե կարող էիր անել ավելին, բայց գոհ եմ, որ այսքան հաջողություններ ունեցար: Օլիմպիական չեմպիոն ես ուզում դառնալ: Պայքարիր, արա՛ ամեն ինչ՝ նպատակին հասնելու համար: Ամեն ինչ մեր ձեռքերում է»: Այդ նամակում շնորհակալություն կասեմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ, որ հարազատներս առողջ են, իմ կողքին են ու կխնդրեմ խաղաղություն մեր երկրի համար:

Նամակ Ձմեռ պապին...

Ձմեռ պապիկից նույնը կուզեմ՝ խաղաղություն մեր երկրին եւ որ Հայաստանը դառնա հզոր երկիր:

Շնորհավորում եմ բոլորի Նոր տարին եւ Սուրբ ծնունդը: Թող բոլորի երազանքներն իրականանան նոր տարում:

  • Կիսվել: