չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկը. Գիլոյանը՝ Բերեզովսկուն

Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկը. Գիլոյանը՝ Բերեզովսկուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հայկական ֆուտբոլում ունեցած նշանակալի ավանդի համար խրախուսվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով: Պարգևը նախկին դարպասապահին է հանձնել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Ռոման Բերեզովսկին օգոստոսի 5-ին տոնել է ծննդյան 50-ամյակը: Նախարարի տեղակալը շնորհավորել է դարպասապահին հոբելյանի կապակցությամբ և շնորհակալություն հայտնել հայկական ֆուտբոլին նվիրած տարիների, գործադրած ջանքերի և նվիրումի համար:

«Դուք, անկասկած, եղել եք անկախ Հայաստանի ազգային հավաքականի խորհրդանիշներից մեկն ու Ձեր հուսալի խաղով բազմիցս նպաստել եք մեր հաղթանակների կայացմանը: Ֆուտբոլասերների կողմից արժանիորեն վայելել եք մեծ սեր, ու այդպես կլինի միշտ»,- նշել է Կարեն Գիլոյանը՝ դիմելով Ռոման Բերեզովսկուն:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահը շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար և ընդգծել՝ միշտ հպարտությամբ է կրել Ազգային թիմի մարզաշապիկն ու պաշտպանել մեր երկրի պատիվը, այժմ էլ հայկական ֆուտբոլին իր գիտելիքներն ու փորձը փոխանցում է՝ որպես Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ:

Նշենք՝ Հայաստանի ազգային հավաքականում Ռոման Բերեզովսկու նորամուտը կայացել է 1996 թվականի օգոստոսի 31-ին աշխարհի 1998 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Պորտուգալիայի հավաքականի դեմ խաղում, որտեղ Բերեզովսկուն հաջողվել է դարպասն անառիկ պահել և օգնել մեր ընտրանուն ոչ-ոքի խաղալ։ Ընդհանուր առմամբ, Ռոման Բերեզովսկին Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 94 խաղ, ինչը ռեկորդային է Հայաստանի հավաքականի դարպասապահների շրջանում:

  • Կիսվել: