Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային
Ֆուտբոլի Ազգերի լիգայի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։
Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց Հյուսիսային Մակեդոնիայի եւ ռումինական «Կրայովայի» պաշտպան Ջոկո Զայկովը։
70-րդ րոպեին տուգանային հարվածը անթերի իրացրեց թուրքական «Տրաբզոնսպորի» կիսապաշտպան Էնիս Բարդին՝ գրավելով Օգնյեն Չանչարեւիչի պաշտպանած դարպասը։
79-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց կատալոնական «Ժիրոնայի» հարձակվող Բոյան Միովսկին։
C լիգայի չորրորդ խմբի երկրորդ տուրի մյուս խաղում Լատվիան 1:0 հաշվով հաղթել էր Ֆարերյան կղզիներին։
Հյուսիսային Մակեդոնիան 4 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հայաստանը 3 միավորով երկրորդ տեղում է։ Լատվիան նույնպես ունի 3 միավոր։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Երեւանում 4:1 հաշվով հաղթել էր Լատվիայի թիմին, մակեդոնացիները 1:1 հաշվով ոչ ոքի էին խաղացել Ֆարերյան կղզիների թիմի հետ։