երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ազատ ոճի ըմբշամարտի օլ․ վարկանիշային մրցաշար․ Հայ ըմբիշների մրցակիցները

Ազատ ոճի ըմբշամարտի օլ․ վարկանիշային մրցաշար․ Հայ ըմբիշների մրցակիցները

Ստամբուլում մայիսի 11-ին կմեկնարկի ազատ ոճի  ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը Փարիզի Օլիմպիական խաղերի համար:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Լյովա Գեւորգյանը (125 կգ): 

Աշխարհի Մ23 առաջնության բրոնզե, Եվրոպայի Մ23 առաջնության արծաթե մեդալակիր, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի Գերմանիայի ներկայացուցիչ Շամիլ Ուսատեւի հետ:

Երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն, 86 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը որակավորման փուլում ուժերը կչափի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Գվանուկ Կիմի հետ:

Մ-23 Եվրոպայի բրոնզե մեդալակիր, երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակի, 97 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը որակավորման փուլում կգոտեմարտի Չինաստանի ներկայացուցիչ Ավուսայման Հալիբայի հետ:

Եվրոպայի երիտասարդական չեմպիոն, 125 կգ քաշային Լյովա Գեւորգյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից եւ կմրցի Գերմանիան ներկայացնող Գենադի Կուդինովիչի հետ:

Ստամբուլի վարկանիշային մրցաշարում յուրաքանչյուր քաշային կարգում կխաղարկվի երեքական ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները եւ բրոնզե մեդալակիրների լրացուցիչ գոտեմարտի հաղթողը։

Ազատ ոճայինները պայքարը կավարտեն մայիսի 12-ին:

  • Կիսվել: