երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ

Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ

Խառը մենամարտերի մինչեւ 70 կգ քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը հրաժարվել է հունիսի 1-ին Նյու Ջերսիում անցկացվելիք UFC 302 մրցաշարում մենամարտել այս քաշային կարգում UFC չեմպիոն, ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։

Այդ մասին հայտնել է Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը։

Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարում պարտության էր մատնել դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային եւ դարձել չեմպիոնական տիտղոսի պաշտոնական հավակնորդ։

«Մեզ առաջարկում էին ընդունել Մախաչեւի դեմ մենամարտը հունիսի 1-ին Նյու Ջերսիում, սակայն մենք որոշեցինք հրաժարվել եւ այդ մենամարտին պատրաստվելու համար անցկացնել լիարժեք մարզումային ճամբար»,- Սայաթ Աբդրահմանովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Իսլամ Մախաչեւը հունիսի 1-ին Նյու Ջերսիում կմենամարտի ամերիկացի Դասթին Պորիեի հետ, որը երրորդ համարն է դասակարգման աղյուսակում։

  • Կիսվել: