ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Ալբանիայի հետ բարդ խաղ է սպասվում․ Հայաստանի հավաքականի մարզիչ

Ալբանիայի հետ բարդ խաղ է սպասվում․ Հայաստանի հավաքականի մարզիչ

Վաղը Ալբանիայի դեմ պետք է մեր խաղը խաղանք ու ամեն ինչ լավ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի օգնական,  բելգիական «Լիեժ Բասկետ» ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը վերջերս համալրած Ալեքս Զամպիերը, հայտնում է sport.news.am-ը:

Աշխարհի առաջնության ընտրական նախնական փուլում փետրվարի 25-ին Հայաստանի հավաքականը կընդունի Ալբանիայի հավաքականին:

Փետրվարի 24-ին հավաքականը բաց մարզում անցկացրեց Ալեքս Զամպիերի գլխավորությամբ: Ռեքս Կալամյանը բաց կթողնի Հայաստան - Ալբանիա հանդիպումը: Գլխավոր մարզիչը ներկա չէր նաեւ Ավստրիա - Հայաստան խաղին, որտեղ ազգային թիմը պարտվեց 91:106 հաշվով:

«Հայաստանի հավաքականին միացել եմ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի առաջարկով: Նա ինձ առաջարկեց օգնել իրեն հավաքականում: Ռեքս Կալամյանին ճանաչում եմ մի քանի տարի եւ կարծում եմ, որ նա մեծ մարզիչ է:

Մարզիչին օգնելը, մարզչություն անելն իմ կարծիքով շատ կարեւոր է յուրաքանչյուր թիմի համար: Բասկետբոլն ավելին է, քան սպորտ ինձ համար: Ուրախ եմ այստեղ գտնվելու եւ Հայաստանի հավաքականի հետ աշխատելու հնարավորություն ստանալու համար:

Քիչ ժամանակ եմ ճանաչում թիմին: Նախորդ խաղից առաջ եւ այս ընթացքում արդեն հասցրել ենք հասկանալ միմյանց: Շատ դժվար է 4 օրվա ընթացքում պատրաստվել կարեւոր խաղի: Մեզ անհրաժեշտ է երկար ժամանակ եւ մեծ աշխատանք բարձր արդյունքի հասնելու համար: Ավստրիայի խաղից հետո տղաները վերականգնվելու կարիք ունեին: Երեկ մենք ունեցանք ազատ օր, որպեսզի կարողանան հանգստանալ եւ տրամադրվել առաջիկա խաղին:

Կարծում եմ, որ վաղը Ալբանիայի հետ բարդ խաղ է սպասվում: Պետք է ամեն ինչ անենք, խաղանք մեր խաղը ու ամեն ինչ լավ կլինի:

Հայկական բասկետբոլն աճում է: Թիմում կան բարձրակարգ խաղացողներ, մասնավորապես կառանձնացնեմ Քրիս Ջոնսին, Անդրե Սփայթ-Մկրտչյանին, որոնք շատ լավ օրինակ են երիասարդ խաղացողների համար: Նրանց հետ մի թիմում խաղալը կօգնի աճել, տեսնել, թե ինչպես են խաղում բարձրակարգ բասկետբոլ, ինչ է թիմային պայքարը եւ երկիր ներկայացնելը»,- ասաց Ալեքս Զամպիերը:

2027 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի երկրորդ տուրի Հայաստան - Ալբանիա հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ կմեկնարկի 18:00-ին:

  • Կիսվել: