ԱԱ. Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսի հետ եւ պարտվեց 6:10 հաշվով:
Գալստյանը (67 կգ) մեկնարկային գոտեմարտում 5:1 հաղթել էր Ֆրանսիան ներկայացնող հայազգի Գագիկ Սնջոյանին:
1/8 եզրափակիչում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը 10:0 հաշվով առավելության հասավ մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում 3:2 հաշվով առավելության էր հասել նորվեգացի Հավարդ Ջորգենսենի նկատմամբ:
Կիսաեզրափակիչում Սլավիկ Գալստյանը 0:4 հաշվով պարտվել էր աշխարհի չեմպիոն ուզբեկ Այտջան Խալմախանովին:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականն աշխարհի առաջնությունն ավարտեց 2 մեդալով՝ 1 ոսկե, 1 բրոնզե:
Աշխարհի չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ նվաճեց 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը, եզրափակիչում 8:4 հաշվով հաղթելով ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին:
Բրոնզե մեդալակիր է դարձել 87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը:



