երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
2024-ին Երևանում կազմակերպվելիք մարզական միջոցառումները

2024-ին Երևանում կազմակերպվելիք մարզական միջոցառումները

2024 թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ զանգվածային միջազգային քաղաքային և երիտասարդական միջոցառումներ տեղի կունենան: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այս տարի կանցկացվեն 15 միջազգային մրցաշարեր, որոնցից 5-ը կլինեն խաղային մարզաձևերից, և  առաջին անգամ կանցկացվեն «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող մրցաշարի ներքո` բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինտոն, հանդբոլ, մյուս մրցաշարերն են` բռնցքամարտ, հունահռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, մարմնամարզություն, շախմատ և մարաթոնյան վազք

Նախատեսվում է անցկացնել Երևան քաղաքի առաջնություններ 13 մարզաձևերից: Այս տարի առաջին անգամ կանցկացվի Ռաֆայել Վահանյանին նվիրված շախմատի մրցաշար, «Երևան» մարաթոն-մրցաշարը, որի համար ակնկալվում է 1000 և ավելի վազորդների մասնակցությունը, հունիսին Երևանում կանցկացվեն բռնցքամարտի և ըմբշամարտի մրցաշարեր, որոնք մեր ազգային հավաքականների համար կլինեն վերջին ստուգատեսը Փարիզի ամառային 33-րդ օլիմպիական խաղերին մասնակցությունից առաջ: Նշված օլիմպիական խաղերին իրենց մասնակցությունը կբերեն նաև Երևանի մարզիկները, որ նվաճել են օլիմպիական խաղերի ուղեգիր:

Քաղաքապետարանը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը համայնքի մարզական կյանքին. նախատեսվում է կազմակերպել և անցկացնել հաշմանդամություն ունեցող անձանց սպարտակիադա վեց մարզաձևերից: Ուշադրության կենտրոնում են գտնվում նաև տարեցները, որոնց համար այս տարի ևս Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ կանցկացվեն մրցումներ հինգ մարզաձևերից: Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` կանցկացվեն խոշոր մարզամշակութային միջոցառումներ:

  • Կիսվել: