կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը կխստացվի

Զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը կխստացվի

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խստացնել զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը։

Այն հեղինակել են ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 94 կողմ ձայնով։

Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի կողմից ստորադասի  նկատմամբ, միևնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

  • Կիսվել: