ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Բա ո՞ւր է ձեր սկզբունքայնությունը, եթե 550,000 մարդ կաշառք է ստացել, վիճարկեք ընտրության արդյունքը. Արթուր Խաչատրյան

Բա ո՞ւր է ձեր սկզբունքայնությունը, եթե 550,000 մարդ կաշառք է ստացել, վիճարկեք ընտրության արդյունքը. Արթուր Խաչատրյան

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ընդդիմությանը տրված ձայները կաշառքով են տրվել: Եթե 550,000 մարդ կաշառքով գնացել և մասնակցել է ընտրություններին, դա էականորեն չի՞ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«550,000 մարդ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կաշառք է վերցրել և գնացել քվեարկել է, ազդել է, չէ՞: Եթե ազդել է, ինչո՞ւ այդ հարցը չեք վիճարկել: Ձեր ներկայացուցիչն ասում էր՝ ոչ, էական ազդեցություն չի ունեցել: 550,000 մարդն էական ազդեցություն չէ՞:

Եթե դա չլիներ, կարող է վաղվա խորհրդարանում լինեիք դուք, Արման Բաբաջանյանը և Արամ Սարգսյանը: Բա ու՞ր է ձեր սկզբունքայնությունը, գայիք, վիճարկեիք»,-նշել է նա:

Խաչատրյանն ասել է, որ անկասկած, ցանկացած կաշառք պետք է արմատախիլ արվի, ընտրարշավի ժամանակ՝ հատկապես, քանի որ ձևավորվում է իշխանություն։

«Երբ Սահմանադրական դատարանում քննվում էր յոթ կուսակցության դիմումը, դատավորներից մեկը հարց տվեց, ասաց՝ եթե Կառավարությունը խոստացել է 10 դպրոց կառուցել և 9 կառուցել է տարվա ընթացքում, 10-րդը կառուցել է ընտրությունների նախաշեմին, դա կարո՞ղ է դիտվել որպես ընտրակաշառք։ 

Եթե բյուջեում կա, կարծում եմ՝ ոչ, եթե դա ծրագրավորված այդպես գնում էր, բայց եթե կառավարող քաղաքական ուժը, ընտրություններից առաջ բացում է մեր բոլորի վճարումներով ձևավորված բյուջեն, հանրային քսակը և իր քաղաքական նպատակների համար սկսում է սոցիալական ծրագրեր իրականացնել, այ դա արդեն ընտրակաշառքի գերադրական աստիճանն է։ Ծախսերը, որոնք այս իշխանությունն արել է ընտրությունների նախաշեմին, չկային պետական բյուջեում»,-հավելել է նա:

Արթուր Խաչատրյանն այդ համատեքստում ընդգծել է կենսաթոշակների բարձրացումը:

«Հիշեցնենք Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դե 10,000 դրամ ավելացնեմ, որ ի՞նչ լինի, թոշակառուն ինչի՞ վրա է դա ծախսելու, բայց արի ու տես, որ հենց ընտրությունների նախաշեմին մարդիկ բարձրացրեցին կենսաթոշակները և այլ նպաստներ 78,7 միլիարդ դրամի չափով, ի դեպ՝ շատ հետաքրքիր է Ֆինանսների նախարարության դիրքորոշումն այդ հարցով: Եթե այդքան հոգատար էիք կենսաթոշակառուների նկատմամբ, շուտ բարձրացնեիք»,-նշել է նա:

 

  • Կիսվել: