Զեյնալյան քո ասա՞ծն ասա՞ծ էր, այսինքն՝ մյուսներն աննորմա՞լ էին. Գևորգ Պետրոսյանը՝ Նարեկ Զեյնալյանին
«Պարոն Պետրոսյանը հազիվ նորմալ նախագիծ ա բերել, էնքան խուճուճ հարցեր տվեցիք»,- ԲՀԿ խմբակցության ներկայացրած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, երբ պատգամավորները սկսեցին հարցեր ուղղել նախագծի հեղինակ Գևորգ Պետրոսյանին։
ԲՀԿ-ական պատգամավորն էլ արձագանքեց. «Զեյնալյան քո ասա՞ծն ասա՞ծ էր, այսինքն՝ մյուսներն աննորմա՞լ էին»։
Անդրադառնալով նախագծին՝ Գևորգ Պետրոսյանն ասաց, որ ցանկացած օրենսդրական կարգավորում պետք է անել գործատուի և աշխատողի օրինական շահերի զուգակցման սկզբունքով։
«Այս կարգավորումը նույնպես դրան է ուղղված: Հետո ես այն կարծիքին չեմ եղել, որ իմ ներկայացրած օրենսդրական նախագծերը մատաղի նման լրիվ ընդունելի պիտի լինեն, կարան և՛ վիճելի լինեն, և՛ անընդունելի»,- նշեց պատգամավորը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ գործընկերների ներկայացրած նախագիծը կարևոր համարեց։
«Ժողովուրդը մի այսպիսի խոսք ունի՝ «սատանան մանրունքներում է», և պարոն Պետրոսյանի առաջարկած նախագծում, այո, սատանան մանրունքներում է։ Մենք հաճախ կարևորագույն լուծումների ժամանակ չենք նկատում, որ մի փոքր ճշգրտումը կարող է իրերի ընթացքը փոխել։ Այո, սա կարևոր նախագիծ է, պարզ է, որ 100 տոկոսով որևէ օրենք չի կարող պաշտպանել աշխատակցին կամ գործատուին, բայց սա քայլ է, որը պաշտպանում է առնվազն աշխատակցի լավագույն շահն այն իմաստով, որ մենք ներկա ենք լինում բազմաթիվ վեճերի, երբ որ հանիրավի աշխատանքից ազատում են առանց որևէ բացատրության»,- ասաց Բագրատյանը։
Նշենք, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկում է ԲՀԿ-ական պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Արման Աբովյանի, Քաջիկ Գևորգյանի, Դավիթ Մանուկյանի և Արայիկ Աղաբաբյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվում է աշխատանքային օրենսգրքի 226-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում գրավոր բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց բացատրության»: