երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Ընդլայնվում են մանկական պալիատիվ օգնության հնարավորությունները

Ընդլայնվում են մանկական պալիատիվ օգնության հնարավորությունները

«ՀՀ առողջապահության նախարարությունը ընդլայնում է մանկական պալիատիվ օգնության հնարավորությունները: Մասնավորապես, հիվանդանոցային ծառայություններից անցում կկատարվի  նաև արտահիվանդանոցային ծառայությունների»,-  հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության Երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը հայտնեց, որ հայեցակարգը պատրաստ է, մոդելը հստակեցված է, այժմ չափորոշիչների մշակման փուլում են:

«Մոդելը ենթադրում է հետևյալը. պետք է մատուցվեն համապարփակ, խնամքի տարբեր տեսակներ ենթադրող ծառայություններ, որպեսզի առավելագույն ձևով մոտենանք երեխայի կյանքի որակի բարձրացմանը»,-նշեց Լիլիթ Ավետիսյանը:

Մոդելի հիմքում դրված է այն սկզբունքը, որ մանկական պալիատիվ օգնության ծառայությունն ապակենտրոնացվի, այն հասանելի լինի մարզերում, համայնքներում, որպեսզի երեխայի ծնողը ստիպված չլինի ծառայության համար հասնել Երևան: Ծառայությունը պետք է իրականացվի երեք մակարդակով: Առաջին օղակը պոլիկլինիկաներն ու ամբուլատորիաներն են: Այս օղակում առաջնային խնդիրը լինելու է նման երեխաների հայտնաբերումը, ճիշտ ախտորոշումը, ճիշտ ուղղորդումը, ինչու չէ նաև մանկական պալիատիվ ծառայության որոշակի տարրերի մատուցումը: Երկրորդ մակարդակը ենթադրում է հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում մանկական պալիատիվ ծառայության որոշ բաղադրիչների առկայություն, հնարավորության դեպքում տնային կանչերի կազմակերպում:

«Երրորդ մակարդակն արդեն պրոֆեսիոնալ մանկական պալիատիվ  թիմի, բաժանմունքի ստեղծումն է, որտեղ ներգրավված կլինեն հատուկ մասնագիտական հմտություններ ունեցող մասնագետներ: Այս ամենին հասնելու համար ենթադրվում է աշխատանք տարբեր ուղղություններով՝ մասնագետների վերապատրաստում, սարքավորումներ, այսինքն՝ ցանկացած բաղադրիչ, որն անհրաժեշտ է երեխային պատշաճ ծառայություն մատուցելու համար»,-ասաց Լիլիթ Ավետիսյանը: Մոդելի ներդրումը փորձնական կարգով նախատեսվում է այս տարվա հուլիսից:

Հայաստանում հստակ թիվ չկա՝ քանի երեխա տարեկան կտրվածքով կարիք ունի մանկական պալիատիվ օգնության: Մոտավոր հաշվարկներով նման ծառայությունների կարիք կարող է ունենալ 3 հազար երեխա:

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում 2021 թվականի հոկտեմբերին բացվել էր մանկական պալիատիվ հիվանդանոցային բաժանմունքը: Արաբկիր բժշկական համալիրում առկա է երեք մահճակալ նման ծառայությունների մատուցման համար:

  • Կիսվել: