շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան այցելելու է Հայաստան

Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան այցելելու է Հայաստան

Վիտերբոյի եպիսկոպոս Օրացիո Ֆրանչեսկո Պիացցան հուլիսի 5-ին ուխտագնացությամբ ժամանելու է Հայաստան։ Ինչպես տեղեկացնում է «Assadakah news»-ը, այցն առաջինն է Վիտերբոյի թեմի պատմության մեջ և կրում է խորը հոգևոր բնույթ։ Եպիսկոպոսն այն համեմատում է Արարատ լեռին դիպչելու խորհրդանշական զգացողության հետ՝ այն անվանելով ոչ թե զբոսաշրջություն, այլ՝ «մուտք քաղաքակրթություն»։

«Երբ ողջ կյանքում երազանք ես հետապնդում, գալիս է մի պահ, երբ պետք է վերջակետ դնես ու գնաս։ Սա անհրաժեշտություն էր՝ շփվել ժողովրդի հետ, որը կարողացել է պահպանել իր ինքնությունը ժամանակի ու ցնցումների մեջ՝ դիմակայելով բռնությանը, ցրմանը, մոռացությանը»,– ասում է եպիսկոպոսը։

Նա Հայաստան է ժամանելու մի քանի հոգևորականների հետ։ Նրա կարծիքով՝ այս ուխտագնացությունը հնարավորություն է ոչ միայն ուսումնասիրելու հայկական ծիսակարգն ու հոգևոր խորությունը, այլև հասկանալու մի ազգի պատմամշակութային ինքնությունը, որը դարեր շարունակ տառապել է և նահատակվել։

Եպիսկոպոս Պիացցան նշել է, որ իր հայ ընկեր եպիսկոպոսներից մեկն ասել է.

«Հայաստան մեկ անգամ այցելել հնարավոր չէ։ Տպավորությունները կրկնակի այցելություն են պահանջում՝ ամբողջական պատկեր կազմելու համար»։

Եպիսկոպոսը մերժում է այն տեսակետը, թե Վատիկանը մոռացել է հայերին՝ հիշեցնելով, որ մի խումբ Պապեր, այդ թվում՝ Ֆրանցիսկոսը, առաջիններն էին, որ օգտագործեցին «ցեղասպանություն» տերմինը՝ բնորոշելով հայերի նկատմամբ կատարվածը։ Նա ընդգծել է, որ այն, ինչն ամենակարևորն է՝ կենդանի հիշողությունն ու անմիջական ճանաչողությունն է։

Ուխտագնացության նպատակը, ըստ նրա, հանդիպելն է մարդկանց հետ՝ ինքն իրեն վերագտնելու, հավատքը նորովի ճանաչելու համար՝ լսելով այն մարդկանց ձայնը, որոնք պահել են իրենց հավատքը որպես սրբազան կրակ։

Եպիսկոպոսը Հայաստանն ընկալում է որպես հոգևոր, սոցիալական և մշակութային կայունության օրինակ՝ մի աշխարհում, որտեղ ինքնությունը հաճախ կորցվում է։ Նրա խոսքով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կերպարը հայ իրականությունը հասկանալու բանալին է, իսկ այս այցը լինելու է նաև Արարատի գագաթ բարձրանալու պես փորձ՝ ճանաչելու հայ ժողովրդի հոգևոր էությունը։

 

  • Կիսվել: