հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վերջին ութ տարիներին նվազագույն կենսաթոշակը գրեթե 3,5 անգամ աճել է. Պապոյան

Վերջին ութ տարիներին նվազագույն կենսաթոշակը գրեթե 3,5 անգամ աճել է. Պապոյան

Յոթ-ութ տարի առաջ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ էր։ Հիմա այն ավելի քան 3,5 անգամ ավելի բարձր է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին։

Ղազարյանը, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչպես են տնտեսական աճի ցուցանիշներն իրականում ազդել քաղաքացիների կյանքի որակի վրա։

«Յոթ-ութ տարի առաջ Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 16 հազար դրամ էր։ Հետո այն բարձրացավ մինչև 36 հազար, ապա՝ մինչև 46 հազար դրամ՝ գումարած 22% քեշբեք։ Այսինքն՝ այս կենսաթոշակին ավելացվել է ևս 10 հազար 120 դրամով։ Այսպիսով, Հայաստանում նվազագույն կենսաթոշակը 46 հազար դրամից բարձրացել է, հասնելով 56 հազար 120 դրամի»,- ասել է Պապոյանը։

Դրա հիման վրա, նշել է նախարարը, կարելի է ասել, որ վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում նվազագույն կենսաթոշակը գրեթե 3,5 անգամ աճել է:

  • Կիսվել: