Վարորդներին իրավական հետևանքներով սպառնալուց առաջ մտածեք, թե դուք ինչ ապօրինություններ եք արել իրենց հանդեպ. Աբգարյան
Գործադուլ հայտարարած վարորդներին իրավական հետևանքներով սպառնալուց առաջ մտածեք, թե դուք ինչ ապօրինություններ եք արել իրենց հանդեպ։ Այս մասին իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը:
Նա նաեւ նշել է. «Եթե մենք ունենայինք նորմալ արհմիություններ, ձեզ էին վաղուց դատի տալու` աշխատանքային մարդկային պայմաններով վարորդներին չապահովելու համար։
Ամոթ է, որ վարորդներն այս ձևով են ստիպված սանհանգույց պահանջում։ Դա գործատուի կողմից պարտադիր ապահովվող աշխատանքային պայման է։
Խոստացել եք ու չեք արել։
Վարորդի պարտականությունը մեքենան վարելն է։ Աշխատանքից հետո հոգնած վարորդը ինչո՞ւ պիտի լվանա ավտոբուսը, մաքրի սալոնը։ Էլ ի՞նչ անի։
Երբ մարդկանց աշխատանքային պայմաններն անտեսում ես, իսկ ինքդ քեզ շքեղագույն ծառայողական մեքենա առնում, բիզնես դասով թանկարժեք տոմսեր առնում, մարդկանց համբերության բաժակը լցվում է։
Կրակն են ընկել երևանցիները ձեր ձեռքը...»։