կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վարորդների կորցրած բալերը հնարավոր կլինի վերականգնել

Վարորդների կորցրած բալերը հնարավոր կլինի վերականգնել

Հունվարի 1-ից ուժի մեջ մտնող բալային համակարգի ներդրումը պայմանավորված է 7 օրենսդրական ակտի ընդունմամբ: Փոփոխություններ արվել են «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքում և այլն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Օրենքն ուժի մեջ մտնելու պահից սկսած՝ յուրաքանչյուր անձ, ով իրավունք ունի վարորդական վկայական՝ կստանա 9 տուգանային միավոր (բալ): Մեկ տարվա ընթացքում այդ բալերը սպառելու դեպքում նրա տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կկասեցվի 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետի կեսը լրանալուն պես՝ անձը հնարավորություն կստանա հանձնել տեսական քննություն և վերականգնել իր վարելու իրավունքը: Այդ քննությունը չհանձնելու դեպքում 6 ամիս անց՝ օրենքի ուժով, առանց որևէ քննություն հանձնելու, վերականգնվում է նրա վարելու իրավունքը և կրկին տրվում 9 բալ»:

Ըստ Չիլինգարյանի՝ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 9 միավորը սպառելու դեպքում անձը կզրկվի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից՝ 1 տարի ժամկետով: Այս դեպքում վարորդական վկայականի իրավունքը վերականգնելու համար:

Նա ասաց. «Մենք ունենք որոշ բալեր վերականգնելու հնարավորություն: Սպառված բալերի մնացորդային նիշը, եթե հասել է 3 և պակաս բալ, ապա անձն իրավունք ունի իր ցանկությամբ հանձնել տեսական քննություն և իր ունեցած բալերին ավելացնել ևս 2-ը»:

Չիլինգարյանը պարզաբանեց, որ վարորդը 4 բալ է կորցնում 51-80 կմ/ժ արագությունը գերազանցելու, հարբած վարելու համար (ընդ որում՝ կրկնակի նվազեցվել է թույլատրելիի շեմը): 3 բալ համարանիշների չթույլատրված փոխանցման (ընդ որում՝ 5 անգամ կրճատվել է տուգանքի չափը), միակողմանի ճանապարհով հանդիպակաց ուղեմասով երթեւեկության, 31-50 կմ/ժ արագության գերազանցման համար (ընդ որում՝ տուգանքի չափը 4 անգամ նվազեցվել է): Վարորդը 2 բալ է կորցնում համարների հետ կապված խորամանկությունների համար, նույնիսկ եթե ծածկված լինի համարի թեկուզ մեկ թիվը: Վարորդները մեկական բալ են կորցնում բաժանարար գծերի խախտումների, սխալ շրջադարձերի եւ հետ շրջվելու, խաչմերուկով, հետիոտնային անցումներով երթեւեկելու կանոնների խախտումների, վազանցման, վարելու ժամանակ ծխելու դեպքում:

  • Կիսվել: