Հունգարիայի վարչապետն Ալիևի հետ զրույցում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բուդապեշտում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին: Նա հայտարարել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը: Ալիևը նաև հերթական անգամ մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջներ՛՛ ունենալու համար:
Բացի դրանից՝ Ալիևը խոսել է նաև Հունգարիա-Ադրբեջան երկկողմ հարաբերություններից, ընդգծել, որ դրանք ռազմավարական բնույթ են կրում: ՛՛Հունգարիան այն քիչ երկրներից է, որն անկախ քաղաքականություն է վարում: Իսկ դա բավականին բարդ է հատկապես Եվրամիության շրջանակում՛՛,-ասել է նա:
Իր հերթին Օրբանըլ շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ դժվարին պահերին Բուդապեշտի կողքին լինելու համար: Նրա խոսքով՝ Ալիևը վստահեցրել է, որ Ադրբեջանը Հունգարիային կապահովի գազով՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին այդ ոլորտում առկա խնդիրները:
Հաղորդվում է նաև, որ Վիկտոր Օրբանը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը: Նա հույս է հայտնել, որ այն շուտով կստորագրվի: