Կուզե Վարդանիկն էղնի, կուզե ընկեր Մարգոն էղնի, ձեր օրենքներով չենք խոսելու. դերասան Սերգեյ Դանիելյան
Դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ) ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում անդրադարձել է դերասան Արտյոմ Կարապետյանի հետ պատահած միջադեպին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տեղադրել՝ տեղեկացնելով, որ Դավթաշեն վարչական շրջանում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը:
Նշենք, որ հրապարակման հիման վրա ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«Երեկ նա ճանապարհին մեկին նկատողություն է անում, որ նա շատ վատ բան է արել, և քիչ էր մնում Արտյոմն իրեն վրաերթի ենթարկի: Հետո բոլոլա է սկսվում, էդ «ԳԱԶԵԼ»-ի վարորդը դանակ է հանում: Լավ է, որ լուրջ բան չեղավ: Գնացինք ոստիկանություն և այսօրվա տերմինաբանությամբ ասած «գործ տվեցինք»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:
Դերասանն իր խոսքն ուղղեց ԱԺ այն պատգամավորներին, որոնք ասում են՝ «գողականները լավն են». «Դիմում եմ ԱԺ այն պատգամավորներին, որոնք, եթե չեմ սխալվում ԲՀԿ-ից են, ասում են, որ գողականները լավն են, որ էդ մշակույթին չի կարելի ձեռք տալ, դա մեր ազգային մենթալիտետի գոհարներից է, մենք գողական եղել ենք, գողական էլ կմնանք: Եթե չեմ սխալվում Վարդանիկը (ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին-խմբ) ասեց, որ գողականները խելոք մարդիկ են: Ժողովուրդ ջան, կուզե Վարդանիկն էղնի, կուզե ընկեր Մարգոն էղնի, մեզ չի հետաքրքրում: Ես հայտարարում եմ, որ ես գործ տվող եմ և ոչ միայն ես, իմ շրջապատի շատ ու շատ մարդիկ, որոնք ուզում են, որ օրինական երկիր ունենանք: Բոլոր նրանք, որոնք «պանյատկեքով» են ապրում, ուրիշի ազատությանը կարող են բռնանալ, իմացեք, որ ձեր օրենքներով չենք խոսելու, դրա համար կա ոստիկանություն, որին ես պահում եմ մեր հարկերով: Ու սրանից հետո կլինի միայն այդպես»,- ասաց Սերգեյ Դանիելյանը։
Այնուհետև դիմելով երթուղայինների վարորդների՝ դերասանը նշեց.
«Բոլոր վարորղներին ուղղակի խնդրում եմ էդ բիտաները, արմատուրաները, դանակները տվեք ձեր գծատերերին, թող օգտագործեն էդ սուր գործիքները: Թե ինչպես կօգտագործեն՝ ըստ իրենց նախասիրությունների, մեզ վրա դա մի բանեցրեք, իրար սիրեք, իրար հարգեք»։