Վարչապետը՝ իր հրապարակած լուսանկարների վերաբերյալ քաղաքացիների քննադատությունների մասին
Այսօր պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հասարակության շրջանում քննադատություններին առ այն, որ խախտվում է մարդկանց անձնական կյանքի իրավունքը՝ նրանց լուսանկարները հրապարակելով։
Սյս առնչությամբ Փաշինյանն ասաց. ՛՛Բոլոր քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, նրանք այդպիսով բոլորին թույլատրել են վերահրապարակել դրանք:
Ցանկացած հրապարակում ահազանգ է, եթե որեւէ մեկը չի հաստատվում, շատ ավելի լավ, նաեւ ծառայում է իր նպատակին, բայց ես ուզում եմ բերել մի օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ, երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է խայտառակ մի միջոցառում։ Բեմական համարներ են անգամ ցուցադրվել, որ այդ միջոցառումը, որ տեղի է ունենում, արգելված է՛՛
Վարչապետը վստահեցրեց, որ հարցը քննարկվել է անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ։ Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Եթե մի քաղաքացի իրավախախտում անի, ոստիկանները նրան մոտենան բերման ենթարկելու, որեւէ այլ քաղաքացի, ինչպես շատ ենք տեսնում, օրինակ ուղիղ եթերում լուսաբանի դա առանց քաղաքացուն հարցնելու, ոչ մեկի մոտ հարց չի ծագի, թե ինչու ոստիկանության կատարած գործողությունը լուսաբանվում է առանց քաղաքացու համաձայնությունը հարցնելու։
Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել ոստիկանության չկատարած գործողությունը։ Նույն տրամաբանությամբ կարող է լուսաբանվել իրավախախտումը, բոլոր դեպքերում կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր եւ մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները հնարավորինս պաշտպանելու համար, բայց մյուս կողմից կա հանրային շահ, կա օրինականության շահ եւ ես, այո, ՀՀ քաղաքացիների կոչ եմ անում միանալ ֆլեշմոբին՛՛:


