երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը

Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը

Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ՀՀ մշակութային ժառանգությունը։ Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։
 
 
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, ԱՀ նախարարության մշակութային հարցերի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Սոլեդադ Մարտինեսը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ալսիրա Սանդովալը։
 
Ներկայացվել է հայկական դուդուկի երաժշտությունը՝ հանրահայտ արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաև` հայկական քոչարի պարը՝  Ուրուգվայի «Գայանե» պարային համույթի ավագ սերնդի ներկայացուցիչների կատարմամբ։
 
«Սանտոս» պալատի «Պեդրո Ֆիգարի» սրահում ներկայացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար մինչև ս.թ. մարտի 27-ը։
 
Միջոցառմանը ներկա են գտնվել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, ԱՀ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք օտարերկրյա դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ։
 
Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ։

  • Կիսվել: