հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ունենք դեռևս նվազող բնակչություն. Արտակ Մարկոսյան

Ունենք դեռևս նվազող բնակչություն. Արտակ Մարկոսյան

Վերջին ինը ամսվա կտրվածքով բնակչությունը նվազել է մոտ 7600-ով, իսկ մինչ այդ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2 մլն 957.5 հազար էր։ Այս տարվանից պետք է շատ կտրուկ անկում ունենայինք, բայց գրանցվել է հակառակ պատկերը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ծնունդների անկման տեմպը բավականին նվազել է, իսկ 2017-2018 թթ. ունեցել ենք ծնունդների 10% անկում։ Այս տարվա առաջին ամիսներին նախորդ տարվա համեմատ ծնունդների 0.1% անկում է եղել»,- այս մասին այսօր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռազմավարության նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը:

Ըստ Մարկոսյանի՝ 2011 թվականից մինչ այսօր ամուսնությունների թվաքանակը ամենաբարձր ցուցանիշն է գրանցել. «Այս տարի, նախորդ տարվա համեմատ մենք մոտավորապես 682-ով ավելի ամուսնություն ունենք։ Ամուսնալուծությունները նվազել են 30-ով, բայց դինամիկան դրական է։ Վերջին երեք տարիներին նվազում էր ապրում մահացությունների թիվը, սակայն այս տարի որոշակի աճ կա։ Այսինքն՝ մենք դեռևս ունենք նվազող բնակչություն»։

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետը նշեց նաև. «2004 թ.-ից մենք կորցրել ենք ժողովրդագրական աճ գրանցելու մեր բոլոր հնարավորությունները։ Ներկայում էլ մոտեցել ենք այն փուլին, որ կրկին ծնունդների անկում է սպասվում, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ ոչ թե միայն անկում չլինի, այլ նաև օգտվենք այն հնարավորություններից, որ ունենք առաջիկա 5-6 տարում, քանի որ մոտենում ենք այն հատվածին, որ ունենալու ենք ամուսնությունների և ծնելիության թվաքանակի անկում՝ կապված ներկայում 15-24 տարեկանների թվաքանակի անկման հետ»։

Նշենք, որ քննարկումը կազմակերպել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ։

  • Կիսվել: