չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիրներ է ստեղծում շատ ոլորտներում. մահացությունը հասել է բարձր ցուցանիշի. ԱՆ

Ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիրներ է ստեղծում շատ ոլորտներում. մահացությունը հասել է բարձր ցուցանիշի. ԱՆ

Հայաստանում ծխախոտի օգտագործումը, ինչպես նաեւ դրանից առաջացող հիվանդություններն ու մահացությունը հասել են բարձր ցուցանիշների, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ոչ միայն առողջապահության ոլորտում, այլ նաեւ սոցիալական եւ տնտեսական առումով: Այս մասին այսօր ԱԺ-ում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Համաձայն օրենսդրական նախաձեռնության, ծխախոտի ցուցադրումը սուպերմարքեթների տաղավարներում կարգելվի, բայց, միեւնույն ժամանակ, փոքր առեւտրակետերում նման արգելք չի մտցվի։ Բացի այդ, արգելքը չի տարածվի հանրապետական օդանավակայանների տարածքում գտնվող խանութների վրա։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Ռեստորանների մուտքերի մոտ կարգելեն կախել ցուցանակներ՝ տեղեկատվությամբ, որ այդ օբյեկտներում թույլատրվում է ծխել։ Բայց այն բոլոր կետերը, որոնք հակասում կամ հետագայում կարող են հակասել ԵՏՄ տեխնիկական կանոնակարգին, կհանվեն»,- ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով՝ օրինագիծը դրա ցայտուն հաստատումն է, քանի որ ուղղված է ապագա սերունդների պահպանությանն ու պաշտպանությանը ծխելու եւ առհասարակ ծխախոտի բացասական ազդեցությունից։

Պաշտոնյան նաև հավելեց, որ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների տվյալների՝ Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը։

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։ 

  • Կիսվել: