Տարբեր երկրների ավելի քան 150 պատվիրակություն, այդ թվում՝ ՀՀ նախագահի գլխավորած, մասնակցել են նորընտիր Լևոն 14-րդ պապի գահակալության պատարագին
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում մայիսի 18-ին տեղի ունեցած հատուկ ու խորհրդանշական արարողությամբ պաշտոնապես մեկնարկել է նորընտիր Լևոն 14-րդ պապի առաքելությունը, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներ ու պետություններ ներկայացնող ավելի քան 150 պատվիրակություն, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետությունից՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ:
Այս մասին հայտնում է Vatican News-ը՝ մանրամասնելով, որ պատվիրակությունների շարքում էին նաև Իտալիայի, Պերուի, Լիբանանի Լեհաստանի և այլ երկրների նախագահներ, ինչպես նաև թագավորական ու իշխանական ընտանիքի անդամներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդ որում՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան։
Աղբյուրի հաղորդմամբ՝ արարողությանը ներկա էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմերի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան ու Արևելյան թեմերի առաջնորդները։
Սուրբ պատարագից մեկ ժամ առաջ Լևոն 14-րդ պապը քահանայապետական հատուկ ավտոմեքենայով շրջան է կատարել Սուրբ Պետրոս հրապարակում՝ ողջունելով այնտեղ համախմբված տասնյակ հազարավոր հավատացյալների, որոնք, ըստ որոշ տվյալների, մոտ 150 հազարի էին հասնում: