երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Տեղի է ունեցել «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը

Տեղի է ունեցել «Երիտասարդության մասին» օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը

«Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակող աշխատանքային խումբն անցկացրել է իր ամփոփիչ նիստը, որը նախագահել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Աշխատանքային խումբը կազմված է պետական հատվածի, ոլորտում փորձագիտական գործունեության փորձառություն ունեցող հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ մեր երկրում առաջին անգամ է մշակվում երիտասարդության բնագավառը կարգավորող օրենք, որի առաջնային նպատակը պետք է լինի պարզաբանել և սահմանել երիտասարդական բնագավառին վերաբերող մի շարք հարցեր: Նախագծի մշակման նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը, համագործակցելով աշխատանքային խմբի հետ, մինչև այս իրականացրել է մի շարք քայլեր, ուսումնասիրել միջազգային փորձը:

«Մեր նպատակն է ունենալ ոլորտը կարգավորող հիմնարար օրենք, որտեղ բոլոր հասկացությունները պետք է հնարավորինս պարզ, ճիշտ և հիմնավոր լինեն՝ հասկանալի և ընկալելի ինչպես երիտասարդների, այնպես էլ հասարակության մյուս անդամների համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Երիտասարդական քաղաքականության մշակում» ԵՄ-ԵԽ երիտասարդական համագործակցության ծրագրի շրջանակում ձևավորված հայկական պատվիրակությունը Մոլդովայի Քիշնև ու Պորտուգալիայի Ֆարո քաղաքներում մասնակցել է դասընթացների, որոնց ընթացքում, որպես հայաստանյան պատվիրակության ծրագիր, ներկայացվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության իրավական հիմքերի կատարելագործմանն ուղղված քայլերի շրջանակում իրականացվել են նաև ճանաչողական այցեր Լատվիայի Հանրապետություն և Լիտվայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու այդ երկրներում ոլորտը կարգավորող օրենսդրությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ 10 մարզերի 20 համայնքներում և Երևանում իրականացված «Երիտասարդության քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումներին մասնակցած երիտասարդների՝ օրենքի նախագծի վերաբերյալ դիտարկումները, առաջարկությունները և մտահոգությունները:

Աշխատանքային խմբի անդամները մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ, որոնք վերաբերել են երիտասարդի տարիքային նոր շեմի սահմանմանը, երիտասարդական ծրագրին, երիտասարդական քաղաքականության սուբյեկտներին, նրանց իրավունքներին, պարտականություններին և լիազորություններին:

 

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդության հարցերի վարչության պետ Զառա Ասլանյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ:

Նշենք նաև, որ «Երիտասարդության քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը կլրամշակվի աշխատանքայի խմբի կողմից և առաջիկայում կներկայացվի հանրային քննարկման:

  • Կիսվել: