երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
 Ճանշինի 62-ամյա աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո գլորվել է ձորը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Ճանշինի 62-ամյա աշխատակիցը ողջ գիշեր ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ կատարելուց հետո գլորվել է ձորը․ փրկարարները դուրս են բերել նրա դին

Այսօր՝ փետրվարի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի բնակիչ, 62-ամյա Արամ Հարությունյանն՝ իր վարած КрАЗ մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 300 մետր գլորվելով, հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հարությունյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 300 մետր ոտքով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Ճամբարակի բժշկական կենտրոնի շտապօգնության մեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն: Այս պահին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Սասուն Ղարիբյանն ու տեսուչ Դավիթ Գալստյանը դեպքի վայրում հսկողություն են իրականացնում, մինչև կժամանի քննչական խումբը: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խաչատրյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը աշխատում է Ճամբարակի Ճանշինում և ողջ գիշեր կատարել է ճանապարհի ձնամաքրման աշխատանքներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: