չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՔԿ-ն վարույթ չի նախաձեռնել առգրավված առյուծի անկման դեպքի առթիվ

ՔԿ-ն վարույթ չի նախաձեռնել առգրավված առյուծի անկման դեպքի առթիվ

Գագիկ Ծառուկյանի առանձնատան տարածքից Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներից մեկի անկման դեպքի առթիվ առանձին քրեական վարույթ չի նախաձեռնվի։

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները քննության առարկա կդարձվի այն նույն քրեական վարույթով, որով ՔԿ-ն իրեղեն ապացույց է ճանաչել առյուծին։ Այս մասին NEWS.am—ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվել, ինչին հաջորդել է վերջինիս ձերբակալությունը, ապա կալանավորումը։ Գործողություններն իրականացվել են՝ ՔԿ-ում քննվող քրեական վարույթների շրջանակներում՝ կապված փողերի լվացման հետ։

Բացի այդ, ՔԿ-ում ևս մեկ քրեական վարույթ էր նախաձեռնվել՝ վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ, որի շրջանակներում Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս: Քրեական վարույթով որպես իրեղեն ճանաչված ազնվացեղ սպիտակ առյուծներից մեկը, սակայն, Կենդանաբանական այգի տեղափոխվելուց հետո քնեցումից չի արթնացել, անկել է։

  • Կիսվել: