հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen Passat-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Volkswagen Passat-ը բախվել է քարերին ու գլխիվայր շրջվել

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Սուրիկ Մկրտչյանը իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը չի տուժել: Օպերատիվորեն  դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը, այնուհետև փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:

Օպերատիվորեն ժամանել են ճանապահային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու  Վահագն Էլոյանը:

Փաստ առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: SHAMSHYAN.com-ի թղթակիցը հայտնում է, որ միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող ընկերությունները  ժամանել ու սկսել ճանապարհի մշակման աշխատանքները, իսկ  շրջվելու հետևանքով էլ կոտրվել է ճանապարհային երթևեկության նշանը:

  • Կիսվել: