Տավուշում Բելառուսի 27-ամյա քաղաքացին մանկական տակդիրներով բարձված բեռնատարով կողաշրջվել է. կա վիրավոր
Այսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, տեղեկացնում է shamshyan.com –ը:
Ժամը 12։00-ի սահմաններում Բելառուսի Հանրապետության քաղաքացի՝ 27-ամյա Կորզան Վլադիսլավը իր վարած Iveko մակնիշի AI 5149-4 համարանիշի բեռնատարով Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և բախվել երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վարորդին և վիրավոր ուղևորին առաջինը օգնության են հասել գյուղացիներն ու օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արայիկ Նազարյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են կատարում նույն դասակի տեսուչներ Արմեն Պողոսյանն ու Արայիկ Սրապյանը, մինչև նույն վաշտի հետաքննիչ Հայկ Ապրիկյանը կավարտի վթարի վայրի զննությունը։
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը; Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան բարձված է եղել մարմնական տակդիրներով և ամբողջովին թափվել է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նույնպես Բելառուսի Հանրապետության քաղաքացի է։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի Ճանշինը կատարել է ճանապարհը ձնից ու մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։