Տավուշի մարզում առնվազն 99%-ով անտառահատման դեպքերը կրճատվել են. մարզպետ
Ուժային կառույցների, հատկապես ոստիկանության ուժերի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ անտառահատումները Տավուշի մարզում այլևս վերացած են։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:
Նրա խոսքով, գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմնականում հայտնաբերվում են և համապատասխան ընթացք են ստանում։ «Առնվազն 99 տոկոսով կրճատվել են անտառահատման դեպքերը Տավուշի մարզում»,- ընդգծեց նա։
Մարզպետը նշեց, որ վերջին շրջանում մեծացել է հատկապես հանրային վերահսկողությունը։
«Վերջին շրջանում շատ է մեծացել հանրային վերահսկողությունը բնակիչների, տարբեր ՀԿ-ների կողմից, որոնք ուղղակի հանրային հսկողություն են իրականացնում այդ տարածքներում: Դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը: Այսպիսի կազմակերպություններն ուղղակիորեն իրականացնում են անտառպաշտպանություն: Ես համոզված եմ, որ անտառի վերականգնմանն ուղղված աշխատանքներն առաջիկայում շատ ավելի մեծ թափ կստանան և առաջիկա տարիներին մենք էական փոփոխություն կունենանք մեր անտառային բալանսի մեջ»,- ասաց Հայկ Չոբանյանը։
Անդրադառնալով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատանքին՝ Հայկ Չոբանյանն ասաց, որ ըստ իրեն, «Հայանտառ»-ի մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի և 100%-ով պետք է ամբողջ աշխատակազմը փոխվի:
«Այո, նախկինում «Հայանտառ»-ի աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը, այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն: Դրա համար պետք է օրենսդրական փոփոխություններ ստեղծվեն, քանի որ աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս այդ մարդկանց ուղղակի ազատել աշխատանքից, բայց ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ նրանց փոխարեն կարելի է աշխատանքի ընդունել ԶՈւ-ից զորացրված նախկին սպաներին։


