ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տարասկովո գյուղում աղջկան նեղացնելու պատճառով սկսված ծեծկռտուքի հետևանքով մահացել է նրան պաշտպանած 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

Տարասկովո գյուղում աղջկան նեղացնելու պատճառով սկսված ծեծկռտուքի հետևանքով մահացել է նրան պաշտպանած 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը

Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում՝ Կաշիրի շրջանում, զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, տեղեկացնում է МК.RU-ն։

Նշվում է, որ բնակիչներն ու հանրակացարանում ապրող միգրանտները հուլիսի 11-ին վիճել են գյուղի աղջիկներից մեկի հասցեին արված կատակի պատճառով: Աղջկան պաշտպանել է 41-ամյա Կարեն Տեր-Խաչատրյանը, որին դաժան ծեծի են ենթարկել: Տղամարդը ստացած վնասվածքներից մահացել է։

Այս առնչությամբ Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել։ Միությունը նամակներ է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազություն և նախագահի աշխատակազմ ՝ խնդրելով վերահսկել Մերձմոսկովյան Տարասկովո գյուղում տեղի ունեցած դեպքերը։

ՌԴ հայերի միությունը տեղեկացրել է, որ Միջին Ասիայից եկած ներգաղթածները նեղացրել են մի աղջկա, որին պաշտպանել է Կարեն Տեր-Խաչատրյանի 16-ամյա որդին։ Դեպքին միջամտել է նաև Տեր-Խաչատրյանը, որին մի խումբ ներգաղթյալներ սկսել են դաժան ծեծի ենթարկել։

«Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչ Արտյոմ Վարդանյանը ՌՀՄ նախագահի հանձնարարությամբ անմիջապես մեկնել է դեպքի վայր, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել իրավապահների, տեղի վարչակազմի, հայ համայնքի և սպանվածի ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանրությանն ու լրատվամիջոցներին հորդորում ենք չսրել այս ողբերգական իրադարձության շուրջ ստեղծված իրավիճակը»,–ասված է Ռուսաստանի հայերի միության հայտարարության մեջ:

  • Կիսվել: