երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2022 ծրագիրը

 Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն երրորդ անգամ մեկնարկում է «իԳործ»  ծրագիրը: Ծրագրի մեկնարկին՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ «իԳործ»-ն արդեն բավական շոշափելի արդյունքներ է տվել այս տարիների ընթացքում:

«Եթե 2020 թվականին՝ ծրագրի առաջին տարվա ընթացքում, մեր 54 մասնակիցները աշխատում էին 19 տարբեր գերատեսչություններում, ապա 2021 թվականին՝ մեր 47 մասնակիցներն արդեն  աշխատում են 25 տարբեր գերատեսչություններում»,-ասաց Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝  ծրագրին աջակցելու և դրա կարևորությունն ընկալելու համար:

«իԳործ» ծրագրի ղեկավար Հերմինե Հարությունյանն էլ հավելեց, որ արդեն իսկ մեկնարկել է հայտերի ընդունման փուլը, որի վերջնաժամկետն ապրիլի 30-նն է:

«Բոլոր այն հետաքրքրված անձինք, ովքեր համապատասխանում են ծրագրի  նվազագույն չափանիշներին, այսօրվանից սկսած արդեն կարող են առցանց ուղարկել իրենց հայտերը»,-նշեց Հարությունյանը:

«իԳործ» ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի աշխատել Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել այն մասնագետները, որոնք ունեն բակալավրի աստիճան և 5 տարվա աշխատանքային փորձ, կամ մագիստրոսի աստիճան:

Ծրագիրը բացառիկ հնարավորություն է տալիս սփյուռքահայ մասնագետներին ներդրում ունենալու Հայաստանի պետականաշինության գործում և իրենց փորձն ու գիտելիքները բերելու պետական կառավարման ոլորտ:

  • Կիսվել: