երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
 Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով

Սպիտակի ԲԿ-ն առաջիկայում կհամալրվի բժշկական կարևորագույն սարքավորումներով

Սպիտակի բժշկական կենտրոնում Ճապոնիայի դեսպանատան Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում կնքվեց սարքավորումների ձեռքբերման պայմանագիր, ըստ որի՝ Ճապոնիայի դեսպանատան կողմից Սպիտակի ԲԿ-ին առաջիկայում կտրամադրվեն բժշկական կարևորագույն սարքավորումներ:

Պայմանագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին, Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, պատասխանատու այլ պաշտոնյաներ:

Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրեցին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և «Սպիտակ ֆերմեր» ՀԿ-ի տնօրեն Սարգիս Մարկոսյանը:

Պայմանագրով նախատեսվում է գաստրոկոլոնոբրոնխոսկոպիկ սարքավորումների լրակազմ նվիրաբերել Սպիտակի բժշկական կենտրոնին: Ծրագրի շրջանակում կվերանորոգվի և կկահավորվի հետազոտության համար նախատեսված սենյակը:

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն՝ ի դեմս Մասանորի Ֆուկուշիմայի, շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և դեսպանությանը՝ Լոռու մարզում իրականացրած ու իրականացվելիք կարևորագույն ծրագրերի և Սպիտակ ԲԿ-ի խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար:

«Վերազինված տեղական առողջապահական պետական հիմնարկների միջոցով մենք ևս մեկ քայլով մոտենում ենք բնակչությանը մատուցվող որակյալ ծառայությունների բարելավմանը: Վստահ եմ՝ ակնկալվող սարքավորումները զգալիորեն կբարձրացնեն մարզում բժշկական սպասարկման ներկայիս մակարդակը՝ մեղմելով առողջության հետ կապված բազմաթիվ խնդիրներ: Սա մեր մարզի և մեր բնակչության համար չափազանց անհրաժեշտ ձեռքբերում է»,- ասաց Ա. Խաչատրյանը:

«Վերջին 24 տարվա մեջ սա 100-րդ ծրագիրն է, որ իրականացնում ենք ՀՀ-ում: Փորձում ենք բուժսպասարկման հավասար հնարավորություններ ստեղծել մարզերում և նպաստել բժշկական սպասարկման որակի բարձրացմանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում այս կարևոր ծրագրում ընդգրկված բոլոր կողմերին»,- իր խոսքում ընդգծեց Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

«Իրականացվող ծրագիրը շատ կարևոր է մեզ համար, որովհետև այն ավելի ժամանակակից է դարձնելու մարզային առողջապահական համակարգը: ԱՆ կողմից այս տարի ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրը, որի նպատակն է բնակչության շրջանում ուռուցքների վաղ հայտնաբերումն ու բուժումը: Այս կաբինետի ձևավորումը մարզային մակարդակում մեզ հնարավորություն է ընձեռելու հասանելի դարձնել այդ ծրագիրը»,- ասաց փոխնախարարը:

Սպիտակի բժշկական կենտրոնը սպասարկում է ոչ միայն Սպիտակ քաղաքն, այլ նաև տարածաշրջանի մի քանի տասնյակ բնակավայրեր: Պացիենտներին առաջարկվող բազմապրոֆիլ և բազմաֆունկցիոնալ բժշկական ծառայությունների թիվն օրեցօր ավելանում է կենտրոնում՝ շնորհիվ անձնակազմի պատասխանատու աշխատանքի:

«Սարքն ուռուցքի վաղ հայտնաբերման գերժամանակակից սարքավորում է: Մինչ այս պահը կենտրոնում առկա է եղել գաստրոսկոպ, սակայն ավելի քան 30 տարվա վաղեմության: Այն պացիենտները, որոնք կարիք են ունեցել նման հետազոտությունների, ուղղորդվել են մայրաքաղաքի բժշկական հաստատություններ: Նոր սարքավորումն այսուհետ թույլ կտա ճշգրիտ ախտորոշել ուռուցքային հիվանդությունները, որի արդյունքում կունենանք բազմաթիվ փրկված կյանքեր»,- ասաց Սպիտակ ԲԿ-ի տնօրենը:

Հյուրերը Վարդուհի Սիսակյանի ուղեկցությամբ շրջեցին համաբուժարանում, եղան վերանորոգման կարիք ունեցող բուժաշխատասենյակում, քննարկեցին ծրագրի բարեհաջող ներդրման հետ կապված հարցեր, ապա Լոռու մարզպետն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը մեկնեցին Սպիտակի թիվ 8 դպրոց, որտեղ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ իրականացվել է արևային էներգիայի վրա հիմնված ջեռուցման համակարգի բարելավման ծրագիրը և արդյունքում դպրոցի շուրջ 350 աշակերտների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ:

  • Կիսվել: