կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշտարակի ԲԿ տնօրենը ստիպում է բուժանձնակազմին կատարել հավելյալ հարկադրական աշխատանք

Աշտարակի ԲԿ տնօրենը ստիպում է բուժանձնակազմին կատարել հավելյալ հարկադրական աշխատանք

Աշտարակի ԲԿ-ում անառողջ մթնոլորտ է ստեղծվել։ Մասնավորապես, ըստ ԲԿ-ի մի խումբ բուժաշխատողների ահազանգի InfoPort.am-ի խմբագրություն, ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը իրենց կամքին հակառակ ստիպում է նրանց հավելյալ աշխատանք կատարել։

«Օրերս, ԲԿ-ի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը պոլիկլինիկայի բժիշկներին կանչել է իր մոտ և բարձր սպառնալից տոնով հրահանգել, որ նրանցից յուրաքանչյուրը ամիսը մեկ անգամ պետք է հերթապահի ԲԿ-ի ստացիոնար բաժնում։ Մինչդեռ հերթապահությունները չեն մտնում պոլիկլինիկայի բժիշկների պարտականությունների մեջ, դա վճարովի ծառայություն է և բժիշկը ինքն է որոշում կատարել այդ աշխատանքը, թե ոչ։ Հերթապահությունների համար կարելի է հավելյալ մասնագետներ ներգրավել և այդ գումարը վճարել նրանց»,- պարզաբանեցին խմբագրություն դիմած բուժաշխատողները։

Նրանց հավաստմամբ, կան բժիշկներ, որոնք ցանկություն են հայտնել ընդունվել աշխատանքի հերթապահություններ կատարելու համար, սակայն Հովհաննիսյանը անհայտ պատճառներով նրանց մերժել է և գերադասել է այդ աշխատանքը պարտադրել պոլիկլինիկայի բժիշկներին։

Աշտարակի ԲԿ-ի պոլիկլինիկայի բուժաշխատողները արդեն իսկ դիմել են Աշխատանքի տեսչություն և նրանց այնտեղ էլ հավաստել են, որ իրավունք չունեն իրենց ստիպել հարկադիր հերթապահություն կատարել։ Հիմա բուժաշխատողները սպասում են Աշխատանքի տեսչության գրավոր պատասխանին, որպեսզի կարողանան տեր կանգնել իրենց իրավունքներին։

  • Կիսվել: