Սոչիում երկու հայերի սպանության տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
Այն պահը, երբ Սոչիի բնակիչը կրակում է դատական կարգադրիչների վրա, որոնք եկել են կատարելու նրա ինքնակամ կառույցը քանդելու դատարանի որոշումը, հայտնվել է տեսահսկման խցիկի օբյեկտիվում, տեղեկաղցնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ չորեքշաբթի ցերեկը Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ-ն հայտարարել է Սոչիի Ադլերի շրջանում կասկածյալի ձերբակալման մասին, որը, ստացված հաղորդագրության համաձայն, կրակ է բացել դատական կարգադրիչների վրա՝ բնակիչների վտարման ժամանակ:
Իշխանությունների տվյալներով, այս հասցեում գտնվող շենքերը ինքնակամ կառույցներ են եւ դատարանի որոշմամբ քանդման ենթակա են: Երկու դատական կարգադրիչները ստացած վնասվածքներից տեղում մահացել են: Դեպքի վայր ժամանած ոստիկանության ջոկատը բերման է ենթարկել 60-ամյա տեղացի բնակչին եւ տեղափոխել հերթապահ մաս:
Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել արդարադատություն իրականացնող անձանց կյանքի նկատմամբ ոտնձգության մասին (ՌԴ ՔՕ 295-րդ հոդված) եւ երկու կամ ավելի անձանց դեմ մահափորձ կատարելու մասին (ՌԴ Քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մաս, 105-րդ հոդվածի 2-րդ մաս):
Հաղորդվում է նաեւ, որ սոցիալական ցանցերում հայտնվել է ենթադրաբար տեսախցիկի նկարահանած տեսանյութը, որը ֆիքսել է դեպքի պահը: Կադրում երեւում է, թե ինչպես է հրացանով տղամարդը կրակոցներ արձակում մարդկանց ուղղությամբ: Միայն որոշ ժամանակ անց մի մարդ է մոտենում հրաձիգին եւ փորձում է հանգստացնել նրան, եւս մեկ մարդ ծնկի է իջնում տուժածի կողքին:
Ինչպես արդեն հայտնել էինք՝ մահացած դատական կարգադրիչները, ըստ նախնական տեղեկությունների, Ալբերտ Աղոզյանն ու Անդրանիկ Մաթեւոսյանն են: Նրանք 35 եւ 36 տարեկան էին: Հրաձիգը 61-ամյա Վարդան Քոչյանն է: